Աշխատանքի վայրում ամենամեծ սթրեսն ապրում են ոչ այնքան պատվաբեր համարվող  մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք կախված են հաճախորդների եւ ղեկավարության քմահաճույքներից՝ մատուցողներն ու վաճառողները:  Հենց այդ մարդկանց շրջանում է առավել բարձր ուղեղի կաթվածի եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, պնդում են չինացի գիտնականները:  Նրանք, ովքեր ցածր վարձրատրվող ֆիզիկական աշխատանք են կատարում  (օրինակ՝ պահակներն ու բեռնակիրները), աշխատանքի վայրում ավելի մեծ սթրես չեն ապրում, քան դասախոսներն ու բժիշկները: 

Չինացի գիտնականներն ընդհանրացրել են 18-ից 75 տարեկան 140 հազար աշխատողի վերաբերյալ տվյալներ երեք աշխարհամասերից:  Նրանց առողջության վերաբերյալ տեղեկությունները հավաքվել են երեքից 16 տարվա կտրվածքով: Հետազոտությունը ներկայացված է Neurology ամսագրում:

Բոլոր մասնագիտությունները կարգերի են բաժանվել՝ ելնելով երկու չափանիշից. Հոգեբանական ծանրաբեռնվածության մակարդակը եւ աշխատանքային գործընթացի նկատմամբ աշխատողի վերահսկողության աստիճանը: Պարզվել է, որ բժիշկները, ճարտարապետները եւ այլ պրոֆեսիոնալներ, չնայած բարձր ծանրաբեռնվածությանը, ուղեղի կաթված ստանալու նվազագույն ռիսկի են ենթակա. Դրանք հարգված մասնագիտություններ են, որոնց ներկայացուցիչներն իրենք են տնօրինում իրենց աշխատանքային ժամանակն ու կատարելիք առաջադրանքները:  

Իսկ ամենասթրեսայինը, պարզվել է, մատուցողների, բուժքույրերի, վաճառողների եւ ծառայությունների այլ ոլորտներում ներգրավվածների մասնագիտություններն են:  Նրանց աշխատանքն առանձնանում է մեծ ծանրաբեռնվածությամբ, անկանոն գրաֆիկով եւ ամենակարեւորը՝ դրա ներկայացուցիչները ստիպված են ենթարկվել հաճախորդների եւ ղեկավարության պահանջներին (եւ քմահաճույքներին):   Բացի այդ, նրանք տառապում են հասարակության կողմից հարգանքի պակասից:  

Արդյունքում այդ մասնագիտությունների ներկայացուցիչների համար ուղեղի կաթվածի ռիսկն առնվազն  22 տոկոսով ավելի բարձր է, քան բժիշկների եւ ճարտարապետների դեպքում: Գիտնականները համարում են, որ աշխատանքի վայրում սթրեսը մարդկանց ստիպում է հաճախ ծխել, ալկոհոլ օգտագործել, անառողջ սնունդ ընդունել ու նաեւ նպաստում է սրտի եւ ուղեղի կաթվածի ռիսկի մեծացմանը: 

Ի զարմանս հետազոտողների, այն աշխատանքը, որի ընթացքում մարդիկ նվազագույն չափով են վերահսկում իրենց գործունեությունը, բայց եւ ղեկավարության ու հաճախորդների կողմից ճնշման չեն ենթարկվում  (պահակները, հանքափորները, բեռնակիրները), իր մեջ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկ չի պարունակում: