Ամերիկյան Վաշինգթոն նահանգի միազիգոտ (մեկ ձվաբջջից առաջացած) երկվորյակներն իրենց ծննդյան օրերը կնշեն մի քանի ամսվա տարբերությամբ: Պատճառը նրանց մայրիկի հղիության ընթացքում առաջացած հազվադեպ բարդություններն են: 

Նիք եւ Հոլի Գորվեաթների երկվորյակ զավակներից առաջինը, ում Լինք են անվանել, ծնվել է սեպտեմբերի 29-ին՝ Evergreen Health Medical Center բուժկենտրոնում: Տղան ծնվել է 23 շաբաթական ու այնքան փխրուն էր, որ ծնողներին նույնիսկ թույլ չեն տվել գրկել նրան: Բայց ամենազարմանալին այն է, որ Լինքի  եղբայրը դեռ շարունակում է մնալ մոր արգանդում:

Բժիշկները որոշեցին ժամկետից շուտ խթանել ծննդաբերությունը  երբ  միազիգոտ երկվորյակների մոտ նկատեցին նշաններ, որոնք վկայում են ֆետո ֆետալ տրասնֆուզիայի ախտանիշի մասին: Այդ ախտանիշը պտուղների մոտ արյան անհամաչափ հոսք է առաջացնում եւ շատ հաճախ երկու պտուղների մահվան պատճառ է դառնում: Չբուժելու դեպքում այդ ախտանիշից մահացությունը 90 տոկոս է կազմում:

Երկվորյակները չափից մեծ ճնշում էին ստեղծում մոր արգանդի վրա , ինչի հետեւանքով Լինքը ամնիոտիկ հեղուկի պակաս ուներ: Հենց այս ամենի հետեւանքով էլ որոշել էին արհեստական ճանապարհով խթանել ծննդաբերությունը: Երկրորդ եղբայրը, որին Լոգան են անվանել, մնում է Հոլիի արգանդում ու հիմա ողջ մնալու ավելի շատ շանսեր ունի:

Եթե Լոգանը 25 շաբաթական ծնվի, ապա բնականոն զարգացման հավանականությունը 50 տոկոս կկազմի: Բայց բժիշկները հույս ունեն, որ տղան կկարողանա մոր արգանդում սպասել լույս աշխարհ գալու նորմալ ժամկետի՝ այսինքն 9 ամսվա լրանալուն: