Կարմրուկի համաճարակի հետեւանքով Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում ավելի քան 400 մարդ է մահացել, իսկ 2015թ. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 30 000-ը: Միացյալ ազգերի կազմակերպության տվյալներով օգոստոսի սկզբից մինչեւ հիմա Կոնգոյում կարմրուկից ավելի քան 100 մարդ է մահացել:
Կարմրուկի բռնկումը սկսվել է երկրի հարավ արեւելքում, որտեղ շատ են պղնձի հանքավայրերը: Մասնագետների խոսքով սա կարմրուկի վատագույն բռնկումն է Կոնգոյում 2010 թ. հետո, երբ 77 000 մարդ էր վարակվել, 1085-ն էլ ՝ մահացել:
ՄԱԿ-ն արդեն 2.4 միլիոն դոլար է հատկացրել այս համաճարակի դեմ պայքարի համար, սակայն մասնագետների խոսքով դա բավարար չէ: Ավելին, այս տարածաշրջանում վատ ճանապարհները ու առողջապահական համակարգի լուրջ թերությունները խոչընդոտում են պատվաստումների իրականացմանը, չնայած մեկ մարդու պատվաստանյութն ընդամենը 1 դոլար արժե:
Կարմրուկը ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է մահացու բարդություններ ունենալ՝ լուծ, ջրազրկում, շնչառական ինֆեկցիաներ եւ էնցեֆալիտ: Կարմրուկից մահացությունը 20 տոկոսի հասնում, հատկապես թույլ զարգացած երկրներում: Ընդ որում կարմրուկից հիմնականում մահանում են երեխաները, տարեցները ու թույլ իմունիտետ ունեցողները:
ԱՀԿ –ի մասնագետների խոսքով պատվաստանյութի օգնությամբ կարելի է զգալիորեն նվազեցնել կարմրուկով վարակվելու վտանգը, սակայն շատ երկրներում պատվաստումների հարցում լուրջ խնդիրներ կան:






