Երբ կինը այս կամ այն պատճառով չի կարող ինքնուրույնաբար երեխա ունենալ, որոշ զույգեր դիմում են փոխնակ մոր օգնությանը, որն իր արգանդում կրում է երեխային, ծնում եւ հանձնում կենսաբանական ծնողներին: Տարբեր մարդիկ այդ երեւույթին տարբեր վերաբերմունք ունեն, սակայն հայ եկեղեցին միանշանակորեն դեմ է: 

Հայ առաքելական եկեղեցին ինչո՞ւ է դեմ փոխնակ մայրությանը: NEWS.am Medicine-ը փորձել է դա պարզել սարկավագ Արման Սաֆարյանի օգնությամբ:

Նրա խոսքով, երեխա ծնելն ամուսնական զույգի գործն է եւ այդ հարցում երրորդ անձի միջամտությունն անընդունելի է եւ հակասում է քրիստոնեական գաղափարներին: 

«Աստված Ադամին եւ Եվային ստեղծեց եւ ասաց, որ ապրեն, բազմանան եւ տիրեն Երկրին: Երրորդ անձի միջամտության վերաբերյալ ոչ մի խոսք չկա», - նշել է հոգեւորականը: 

Երկրորդ պատճառը, որի համար եկեղեցին դեմ է փոխնակ մայրությանը, այն է, որ, ինչպես ասել են գերմանացի աստվածաբանները, հղիության ժամանակ հոգին իջնում է սաղմի վրա, եւ եթե դա տեղի է ունենում մեկ այլ կնոջ արգանդում, երեխայի կենսաբանական մայրն այլեւս չի կարող մայր համարվել:

Երրորդ պատճառը հոգեբանական է. հոգեւորականի խոսքով, քչերն են պատրաստ երեխային 9 ամիս կրել կրծքի տակ, իսկ հետո հանձնել ուրիշին: Քիչ չեն այն դեպքերը, երբ փոխնակ մայրը դատարան է դիմել եւ պահանջել է իրեն վերադարձնել երեխային:

Բացի այդ, Աստված Եվային ասել է, որ երկունքի ցավերով պիտի ունենա իր որդուն:  Հոգեվորականների կարծիքով, յուրաքանչյուր մայր պիտի ինքնուրույն ծննդաբերի, որպեսզի իմանա իր երեխայի գինը: Հղիության 9 ամիսների ընթացքում նա փորձում է ավելի ուշադիր լինել, ավելի շատ է աղոթում, եւ դա փոխում է նրա անհատականությունը՝ նրան նախապատրաստելով մայրությանը:

Այդ ամենի հետ, եկեղեցին հանդուրժում է արտամարմնական բեղմավորումը, ինչպես եւ կեսարյան հատումը:

Իսկ եթե արտամարմնական բեղմնավորման օգնությամբ հնարավոր չի դառնում երեխա ունենալ, եկեղեցին առաջարկում է այլ ելք գտնել՝ որդեգրում: Ճիշտ է, շատ մարդիկ ցանկանում են, որ իրենց երեխաներն իրենց գեների կրողները լինեն, սակայն եկեղեցին պնդում է, որ նման մոտեցումը եսակենտրոնության եւ հպարտության նշան է:

«Եթե տրված չէ, ուրեմն տրված չէ: Մարդը պիտի այնքան հնազանդ եւ հլու լինի, որ ընդունի այն, ինչ կա», - ասել է հոգեվորականը: