Շարժական կլինիկան, որը Հայաստանին Ռուսաստանն էր նվիրել, 2014 թ. սեպտեմբերից շրջում է Հայաստանի մարզերում ու անում մի շարք հետազոտություններ ու անալիզներ՝ այդ թվում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի ու սիֆիլիսի առկայությունը ստուգող թեստեր:

Մարզերի բնակիչները պատրաստակամությա՞մբ են օգտվում այս կլինիկայի ծառայություններից: Չե՞ն վախենում կամ չե՞ն ամաչում ՄԻԱՎ-ի հետազոտություն անցնել:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը, մարդկանց մեծ մասը հեշտությամբ համաձայնում է  ՄԻԱՎ-ի հետազոտություն անցնել, հատկապես շարժական կլինիկայի մասնագետի հետ խորհրդակցությունից հետո, որը մանրակրկիտ բացատրում է, թե ինչի համար է պետք հետազոտվել ու ինչ ճանապարհներով է փոխանցվում ՄԻԱՎ-ը:

Կլինիկայի մասնագետներն էլ իրենց հերթին պատմեցին, որ հետազոտությունն անցնելու դժկամություն սովորաբար չի նկատվում, հակառակը՝ մարդիկ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում այդ ստուգումներին, իսկ շարժական կլինիկայի դիմաց որպես կանոն մեծ հերթեր են գոյանում: Շատերին հետաքրքրում է ՈւՁՀ–ն, արյան ընդհանուր անալիզն ու վիրուսային հեպատիտի անալիզները, սակայն ՄԻԱՎ-ն էլ են ստուգում, ու բավականին մեծ պատրաստակամությամբ, քանի որ գիտեն, որ այդ հետազոտության գաղտնիությունն ամբողջովին պահպանվում է, ու ոչ ոք չի իմանա ոչ այն մասին, որ իրենք անալիզ են հանձնել, ոչ էլ այդ անալիզի պատասխանի մասին:

Շարժական կլինիկայում օգտագործվող թեստը շատ արագ է արվում՝ 10-15 րոպեի ընթացքում ու դրա համար մատից են արյուն վերցնում: Իսկ թեստի ճշգրտությունը, մասնագետների գնահատականով, բավականին բարձր է:

Իսկ ի՞նչ է կատարվում, եթե թեստը ՄԻԱՎ-ի առկայություն է ցույց տալիս:

Ինչպես նշեց Սամվել Գրիգորյանը, ՄԻԱՎ-ի անալիզի դրական պատասխանը դեռ վերջնական ախտորոշում չէ: Այդ պացիենտներին ուղարկում են Երեւան, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որտեղ նրանք պետք է ուրիշ հետազոտություններ էլ անցնեն՝ ախտորոշումը հաստատելու կամ հերքելու համար: