Հակաբիոտիկների դեմ կայունությունը ժամանակակից աշխարհի ամենալուրջ խնդիրներից է. այն զարգանում ու տարածվում է անհամեմատ ավելի արագ, քան նոր հակամանրէային դեղամիջոցներ են ստեղծվում, դրա համար էլ աշխարհի լավագույն բժիշկներն ու առողջական կազմակերպությունները ահազանգ են հնչեցնում. եթե այդպես շարունակվի, երկրագունդը նորից կարող է բախվել այն խնդիրներին, որոնք առկա էին, մինչեւ հակաբիոտիկների ստեղծումը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ մահանում էին պարզ վարակներից:
Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել հակաբիոտիկների դեմ դիմադրողականության տարածումը կանխելու համար:
Imperial College-ի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) վարակիչ հիվանդույթունների մասնագետ Ալիսիա Դեմիրճյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցը պիտի լուծվի միաժամանակ մի քանի մակարդակում՝ ինչպես կառավարության, այնպես էլ հիվանդների եւ ընտանեկան բժիշկների:
Մասնագետի կարծիքով, այդ հարցում ընտանեկան բժիշկներից իրոք շատ բան է կախված: Մեծ Բրիտանիայում, օրինակ, հենց ընտանեկան բժիշկներն են նշանակում դեղատոմսերի մոտ 80 տոկոսը. Հայաստանում ճշգրիտ վիճակագրական տվյալներ չկան, սակայն պատկերը հավանաբար այստեղ էլ նույնն է: Հենց դրա համար էլ կարեւոր է, որ ընտանեկան բժիշկները զինված լինեն գիտելիքներով եւ կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանան՝ պետք է արդյոք այդ հիվանդին հակաբիոտիկներ նշանակել եւ ինչպես կզարգանա վարակը, եթե հիվանդը հակաբիոտիկներ չնդունի:
Եթե բժիշկը որոշի, որ հակաբիոտիկի կարիք չկա, նա պիտի հիվանդի հետ խոսի եւ բացատրի այդ դեղամիջոցների բոլոր ռիսկերն ու կողմնակի էֆեկտները: Դա շատ կարեւոր է, չէ՞ որ հակաբիոտիկների հանդեպ կայունության զարգացման շատ դեպքերի պատճառը հակաբիոտիկների սխալ նշանակումն է կամ սխալ ընդունումը:
Հիվանդն իր հերթին պիտի բավականաչափ գրագետ լինի, որպեսզի չպնդի իրեն հակաբիոտիկներ նշանակել, եթե բժիշկը համարի, որ դրանք պետք չեն:
Իսկ եթե բժիշկը որոշի, որ հիվանդը պիտի հակաբիոտիկներ ընդունի, նա պիտի մատչելի եղանակով հիվանդին բացատրի, թե ինչպես է պետք ընդունել նշանակված դեղամիջոցը, ինչքան ժամանակ եւ ինչու է անհրաժեշտ մինչեւ վերջ խմել կուրսը, նույնիսկ եթե վարակի ախտանիշներն անցնեն:
Մասնագետի կարծիքով մի շարք քայլեր եւս կարող են նպաստել վարակի տարածման կանխարգելմանը՝ դրանով նվազագույնի հասցնելով հակաբիոտիկների անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ կարեւոր է, որ մարդիկ (հատկապես՝ հիվանդանոցներում) հստակորեն հետեւեն հիգիենայի կանոններին. երբեմն նույնիսկ ձեռքերը լվանալը կարող է մարդուն պաշտպանել վտանգավոր վարակից:
Ալիսիա Դեմիրճյանը նաեւ հիշեցրել է, որ առողջապահական խոշորագույն կազմակերպություններ (WHO, US CDC, Public Health England եւ շատ ուրիշներ) բազմիցս բարձրացրել են հակաբիոտիկների դեմ կայունության հարցը եւ հիշեցրել դրանից բխող խնդիրների մասին: Նույնիսկ կարծիք կա, որ հակաբիոտիկներին դիմադրողականությունը մարդու կյանքի համար նույնպիսի սպառնալիք է, ինչպիսին ահաբեկչությունը, եւ այն չի կարելի անտեսել:






