Այս պահին լյարդի ծանր հիվանդություն ունեցողները Հայաստանում բուժման այլընտրանք չունեն, ասենք՝ լյարդի փոխպատվաստում: Փոխպատվաստման ծրագիրը Հայաստանին հսկայական օգուտ կբերեր եւ կօգներ փրկել շատ կյանքեր, համարում է գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Fresno-ի համալսարանի դասախոս Մուհամմադ Շեյխը:

Նրա խոսքով, Հայաստան այցի ընթացքում ինքը տեսել է լյարդի ցիռոզով եւ այլ ծանր հիվանդություններով հիվանդների, որոնք առանց լյարդի փոխպատվաստման դատապարտված են: Դրա համար էլ նրա կարծիքով շատ կարեւոր է Հայաստանում զարգացնել եւ մատչելի դարձնել բուժման ժամանակակից մեթոդները, այդ թվում նաեւ՝ օրգանների փոխպատվաստումը. այդ պրոցեդուրաները շատ մարդու կյանք կփրկեն: Մուհամմադ Շեյխի կարծիքով, Հայաստանի 2 միլիոն բնակչին փոխպատվաստման՝ ժամանակակից սարքավորումներով զինված գոնե մեկ լավ կենտրոն է անհրաժեշտ: 

Ինչպես նշել է մասնագետը, շատ երկրներում փոխպատվաստման ծրագրերն արդեն բավականին արդյունավետ աշխատում են, որոշները նույնիսկ դոնորական օրգանների փոխանակում են կատարում: Հայաստանը եւս կարող էր հետեւել այդ երկրների օրինակին, ուշադրություն դարձնել, թե նրանք ինչպես են ամեն ինչ կազմակերպում, ինչ մասնագետներ են աշխատում այդ ուղղությամբ եւ այլն, եւ սկսել աշխատել փոխպատվաստման սեփական ծրագրի վրա: 

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն քննարկվում է մահացած դոնորներից օրգանների փոխպատվաստման ծրագրի նախագիծը. հոկտեմբերին այդ թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել, եւ այլ երկրների մասնագետները պատմել են, թե իրենց մոտ ինչպես են կազմակերպում փոխպատվաստումը: Շատ մասնագետներ հույս են հայտնում, որ մոտ ապագայում փոխպատվաստումն իրոք կկիրառվի Հայաստանում: