Դեռ 1997 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օսթեոպորոզը հանրային առողջության լուրջ եւ գլոբալ խնդիր է ճանաչել ու հոկտեմբերի 20-ը հռչակել Օսթեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր:

ԱՀԿ տվյալներով,աշխարհում տարածվածությամբ օսթեոպորոզը չորրորդ տեղն է զբաղեցնում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում՝ սրտանոթային համակարգի հիվադություններից, ուռուցքաբանական պաթոլոգիաներից ու շաքարախտից հետո:

Օսթեոպորոզը մարդու հենաշարժային ապարատի հիվանդություն է, որը ախտահարում է կմախքի բոլոր ոսկորները. օսթեոպորոզի դեպքում ոսկրային հյուսվածքի զանգվածը քչանում է, ինչի հետրանքով էլ ոսկորների ամրությունը նվազում է  ու դրանք սկսում են կոտրվել նույնիսկ թեթեւ հարվածներից կամ ընկնելուց: Այսինքն հենց այդ կոտրվածքներն են համարվում օսթեոպորոզի հիմնական բարդությունն ու դրսեւորումը:

Օսթեոպորոզի մեկ այլ խնդիր է այն, որ ոսկրային զանգվածի նվազումը մարդու համար աննկատ է կատարվում այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել առաջին կոտրվածքը, որին կարող են հաջորդել նաեւ այլ կոտրվածքներ: Օսթեոպորոզի վերաբերյալ կասկածներ կարող են առաջանալ, եթե մարդու հասակը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան 2 սմ-ով, կեցվածքը փոխվել է՝ առանց որեւէ տեսանելի պատճառի, ցավեր են հայտնվել գոտկատեղի կամ ողնաշարի կրծքավանդակի հատվածում: Եթե նման ախտանիշներ եք նկատում՝ իմաստ ունի բժշկի դիմել:

Ոսկորների ամրությունը կարելի է ստուգել հատուկ սարքի՝ դենսիտոմետրի օգնությամբ: Հայաստանում կան գրեթե մեկ տասնյակ դենսիտոմետրեր, որոնց մի մասը գտնվում է Երեւանի հիվանդանոցներում, իսկ մյուս մասը՝ մարզային կլինիկաներում: