Օսթեոպորոզը մի հիվանդություն է, որի ժամանակ ոսկորներից կալցիումը դուրս է գալիս, ինչի հետեւանքով ոսկորները շատ փխրուն են դառնում ու հաճախ կոտրվում: Օսթեոպորոզով հիմնականում հիվանդանում են 50-ն անց կանայք: Ինչպես բացատրեց բժիշկ օրթոպեդ Արարատ Նազարյանը, կանանց մոտավորապես 10-15 տոկոսի մոտ դաշտանադադարից հետո հորմոնալ խանգարումների ֆոնին օսթեոպորոզ է զարգանում:
Մեծամասամբ հիվանդությունը զարգանում է շատ հանգիստ ու աննկատ, ու կինը նույնիսկ չի էլ կասկածում, որ իր ոսկորները թուլանում են, քանի դեռ նրա մոտ կոտրվածք չի լինում: Սակայն մի քանի ախտանշաններ կան, որոնք կարող են կնոջը հուշել, որ ցանկալի է ստուգել ոսկորների ամրությունը:
- Ցավերը ոսկորներում ու հոդերում, մասնագետների խոսքով, կարող են օսթեոպորոզի ախտանշաններ լինել, հատկապես եթե այդ ցավերը որեւէ օբյեկտիվ պատճառ չունեն:
- Ցավերը մկաններում, նույնիսկ եթե դրանք առաջանում են եղանակային փոփոխությունների հետեւանքով, նույնպես կարող են օսթեոպորոզի մասին վկայել:
- Եվ վերջապես կոտրվածքները: Եթե նույնիսկ թեթեւ ընկնելը կամ հարվածը կոտրվածքի պատճառ են դարձել, ապա ամենայն հավանականությամբ, ոսկորների ամրության խնդիր ունեք՝ պետք է բժշկի դիմեք:
Կասկածելով օսթեոպորոզ՝ բժիշկը Ձեզ կուղարկի դենսիտոմետրիայի՝ ոսկորների ամրությունը չափելու բուժակարգի: Եթե ախտորոշումը հաստատվի՝ նա ձեզ բուժում կնշանակի, որը բավականին երկարատեւ է, բայց նաեւ՝ արդյունավետ ու կօգնի խուսափել հետագա կոտրվածքներից ու ապրել սովորական կյանքով:






