Օսթեոպորոզի հիմնական վտանգն այն է, որ մեծացնում է ոսկորների ջարդվելու եւ ձեւախեղման հավանականությունը: Հետեւաբար, օսթեոպորոզի բուժումը պիտի ուղղված լինի ոսկրային հյուսվածքների ամրացմանը, դրանց էլաստիկության մեծացմանը եւ վնասվածքների պրոֆիլակտիկային:
Ինչպես լրագրողներին պատմել է բժիշկ-օրթոպեդ Արարատ Նազարյանը, օսթեոպորոզի բուժումը բավականին երկար է տեւում՝ հիվանդության թեթեւ տեսակի դեպքում առնվազն մեկ տարի: Եթե բուժման ընթացքում ոսկորների ամրությունը 3-4 տոկոսով մեծանում է, դա արդեն լավ արդյունք է համարվում:
Ինչպես են բուժում օսթեոպորոզը
Ամենից հաճախ օսթեոպորոզով հիվանդանում են 50-ից մեծ կանայք՝ դաշտանադադարից հետո: Տղամարդկանց մոտ այդ հիվանդությունները շատ հազվադեպ են հանդիպում, սովորաբար՝ հորմոնալ խախտումների կամ այլ հիվանդությունների ֆոնին:
Եթե օսթեոպորոզով հիվանդը տղամարդ է, սովորաբար բուժում են այն հիվանդությունը, որը օսթեոպորոզի պատճառ է դարձել:
Եթե հիվանդը կին է, նրան դեղային հատուկ բուժում են նշանակում՝ ներառյալ այնպիսի դեղամիջոցներ, որոնք բիսֆոսֆոնատներ, կալցիում եւ D3 վիտամին են պարունակում: Որոշ դեպքերում բուժմանը մասնակցում են էնդոկրինոլոգները ու հիվանդներին հիմնական բուժումից բացի, նաեւ հորմոններին փոխարինող թերապիա են նշանակում (ГЗТ) էստրոգենների եւ պրոգեստերոնի մակարդակի բարձրացման համար (դրանց մակարդակը դաշտանադադարից հետո հետեւողականորեն սկսում է ընկնել):
Որքան արժե բուժումը
Ինչպես նշել է Արարատ Նազարյանը, այդ հարցին պատասխանելը բավականին բարդ է, որովհետեւ շատ բան կախված է ինչպես հիվանդի վիճակից, այնպես էլ՝ ֆինանսական հնարավորություններից: Հայտնի ապրանքանիշների թողարկած դեղամիջոցներ կան, որոնք բավականին թանկ արժեն: Կան նաեւ դրանց փոխարինող դեղամիջոցներ, որոնք անհամեմատ ավելի էժան են, բայց նույն բաղադրությունն ունեն: Բժիշկները ջանում են ավելի արդյունավետ դեղամիջոցներ ընտրել, որոնք համապատասխանեն հիվանդի ֆինանսական հնարավորություններին:
Օսթեոպորոզի բուժումը տարեկան կարող է մոտ 500-ից 1500 դոլար արժենալ, կախված՝ ընտրված դեղամիջոցներից:






