Շատ խմելը եւ խումհարը սարսափելի գլխացավի պատճառ են դառնում ոչ միայն մարդկանց համար, այլեւ՝ ամբողջ երկրի տնտեսության:  Ամերիկյան  CDC-ի տվյալների համաձայն, 2010-ին ամերիկյան ընկերությունները 77 միլիարդ են կորցրել այն բանի պատճառով, որ իրենց աշխատակիցները չարաշահել են ալկոհոլն ու ազատ ժամանակը, ինչն իր հետքն է թողել նրանց աշխատանքի արդյունավետության վրա: Եթե դրան հավելենք հարբածությանը հետեւող վատ ինքնազգացողության պատճառով աշխատանքի չգալը, կորուստները կաճեն մինչեւ  90 միլիարդ դոլար:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, իրականում ալկոհոլի չարաշահման հետեւանքով կորուստները չեն սահմանափակվում այդ գումարներով. եթե դրան ավելացնենք ալկոհոլի  բուժման, դրա հետեւանքով տեղի ունեցող մահերի եւ ավտովթարների արժեքը, ստացվում է  249 միլիարդ դոլար:

Ամեն տարի ալկոհոլի բերած «գլխացավանքն» ավելի է մեծանում, օրինակ՝ 2006-ին  ալկոհոլի պատճառով վնասները կազմել են  224 միլիարդ դոլար, իսկ 4 տարվա ընթացքում աճել են 25 միլիարդով: Հետազոտության հեղինակ Ռոբերտ Բրյուերի խոսքով, այդ թվերը պիտի շատերին մտահոգեն, հատկապես՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում:      

Նրա խոսքով, մասնագետները պիտի ալկոհոլի չարաշահման պրոֆիլակտիկայի միջոցներ գտնեն, չէ որ դա օգտակար կլինի ոչ միայն մարդկանց առողջության, այլեւ՝ երկրի տնտեսության համար: