ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կմեկնի Մինսկ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն-2020» ռազմավարության համատեքստում մարդու կյանքի բոլոր փուլերում առողջապահական մոտեցումների իրականացմանը նվիրված ԱՀԿ նախարարական համաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 21-ից 22-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի եւ Բելառուսի առողջապահության նախարարության ջանքերով կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության նախարարներ, ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դիտորդներ։
Համաժողովի շրջանակում կքննարկվեն մարդու կյանքի տարբեր փուլերում եւ սերնդեսերունդ փոխանցվող առողջությանը նպաստող կամ վնասող գործոնները` դրանց նշանակությունն ինչպես առողջապահության, այնպես էլ` պետական կառավարման բնագավառներում որոշելու համար:
Քննարկումների արդյունքում մշակված ամփոփիչ զեկույցում կընդունվի գործողությունների շրջանակային ծրագիր, որը կուղղորդի երկրներին պետական նոր ծրագրի մշակման գործում:






