Քաղցկեղի ամերիկյան ընկերակցությունը (American Cancer Society) փոփոխել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի վերաբերյալ իր հանձնարարականները. նոր տվյալների համաձայն, որոնք հիմնված են բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա, 45-54 տարեկան կանայք պիտի ամեն տարի մամոգրաֆիական հետազոտություն անցնեն, իսկ   55 տարեկանից սկսած կարելի է երկու տարին մեկ անգամ անել դա:

Մասնագետները նաեւ պնդում են, որ 40-44 տարեկան կանայք եւս անհրաժեշտության դեպքում պիտի մամոգրաֆիա անելու հնարավորություն ունենան: Իսկ այս հետազոտությունը կարելի է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ կինն իրեն լավ է զգում եւ նրա հետագա կյանքի ակնկալելի տեւողությունը  10 եւ ավելի տարի է: Իսկ ամենամյա բժշկական այցի ընթացքում կուրծքը ձեռքով հետազոտելն այլեւս անհրաժեշտություն չի համարվում: 

Արժե նշել, որ վերոհիշյալ հանձնարարականները, որոնք հրապարակվել են  Journal of the American Medical Association ամսագրում, վերաբերում են սոսկ այն կանանց, որոնք կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջին ռիսկի են ենթակա, այսինքն որոնք.    

• Ընտանիքում կրծքի կամ շագանակագեղձի քաղցկեղի դեպքեր չեն ունեցել:

• BRCA1 եւ BRCA2 տեսակի գենետիկ մուտացիաներ չունեն:

• 10-30 տարեկանում չեն ճառագայթահարել կրծքավանդակը:

Ինչպես նշել է բժիշկ Լաուրա Շեպարդոնը Քլիվլենդի հիվանդանոցից, բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր մամոգրաֆիական հետազոտությունները նվազեցնում են կրծքի քաղցկեղից մահացության վտանգը. դրա վերաբերյալ ոչ ոք կասկած չուներ:  Սակայն որոշակի տարաձայնություններ կան այն հարցի վերաբերյալ, թե որքան հաճախ է պետք նման հետազոտություններ անցկացնել, եթե կնոջ մոտ նման քաղցկեղի զարգացման ռիսկն այնքան էլ բարձր չէ:  Նրա խոսքով, այսօր կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի վերաբերյալ շատ տարբեր հանձնարարականներ կան եւ կարելի է խճճվել դրանցում: Այդ պատճառով էլ շատ կարեւոր է, որ կինը ճիշտ հասկանա ոչ միայն այս հիվանդության վտանգի գործոնները, այլեւ մամոգրաֆիայի առավելությունները, ռիսկերը եւ սահմանափակումները:

Մասնագետների կարծիքով մամոգրաֆիայի հիմնական խնդիրը կեղծ դրական արդյունքներն են: Երբ լուսանկարում գոյացություն է երեւում, բայց բիոպսիան ցույց է տալիս, որ դա քաղցկեղ չէ: Ամեն տարի շատ կանայք բախվում են նման իրավիճակի, եւ դա շատ մտահոգությունների եւ անհանգստությունների պատճառ է դառնում: Մյուս կողմից, շատերը կարծում են, որ ավելի լավ է դա, քան բաց թողնել քաղցկեղի զարգացման սկիզբը: 

Քլիվլենդի հիվանդանոցի մասնագետների կարծիքով, մամոգրաֆիա անելը պետք է սկսել 40 տարեկանից եւ ամեն տարի կրկնել: Առաջին մամոգրաֆիան պետք է անել մինչեւ 40 տարեկանը, եթե կինը ռիսկային խմբում է եւ.

• Արդեն բախվել է կաթնագեղձի քաղցկեղի հետ:

• Քաղցկեղին կանխատրամադրող գենետիկ մուտացիաներ ունի:

• 10-30 տարեկանում արդեն կրծքավանդակի ճառագայթման առիթ է ունեցել: