Ճգնաժամն այնպիսի վիճակ է, որում գտնվողը չգիտի՝ իրեն ինչպես պահել, որ ուղղությամբ տանել իր նավը, մտածում է, թե ամեն ինչ առաջվանը պիտի լինի, հակառակ դեպքում կկորցնի ունեցածը: Տղամարդկանց եւ, իմիջիայլոց, նաեւ կանանց մոտ դա կարող է տարբեր ժամանակներում ի հայտ գալ: Սակայն ամենից ավելի հաճախ դա տեղի է ունենում կյանքի միջնամասում եւ կոչվում է միջին տարիքի ճգնաժամ: Դրա ախտանիշների եւ հաղթահարման ուղիների մասին   NEWS.am Medicine-ի թղթակցը զրուցել է հոգեբան Իրինա Բաղդասարյանի հետ:  

Միջին կոչվող տարիքը

Տղամարդկանց մոտ միջին տարիքի ճգնաժամ կոչվածն ի հայտ է գալիս տարբեր ժամանակահատվածներում, մեկի մոտ սկսվում է  35 տարեկանում, մյուսի մոտ՝ 47: Միջինը  35-ից մինչեւ 45 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Ամեն ինչ կախված է մարդու հասունությունից, նրա զարգացման տեմպերից եւ պատասխանատվության աստիճանից: Հասուն տղամարդու կյանքում ճգնաժամը կարող է վրա հասնել ավելի երիտասարդ տարիքում:

Երջանկությունից  որդուն սպանե՞լ

Ճգնաժամի ի հայտ գալու դեպքերից մեկը խուճապի նոպաներն են: Տղամարդիկ անընդհատ վախենում են առողջությունը կորցնել (կարդիոֆոբիա), աշխատանքը կորցնել, վախենում են աշխատավայրում անպատասխանատվություն դրսեւորել, իսկ ընտանիքում՝ ագրեսիվություն, չնայած նախկինում նման բան չի եղել: Լավ մասնագետ, ինտելեկտուալ լինելով՝ մարդը կորցրել է հոգեկան հանգստությունը: Նա մոտ 10 տարի երեխա չի ունեցել, իսկ երեխայի ծնվելուց հետո սկսել է իրեն անհամեմատ ավելի վատ զգալ: Նա երջանիկ է, ամեն ինչ ունի լիակատար ներդաշնակության մեջ ապրելու համար, բայց կորցրել է հոգեկան անդորրը:  Այդ մարդը միշտ չափից ավելի պահանջկոտ է եղել ինքն իր հանդեպ: Եվ երբ ծնվում է նրա երեխան, նա հսկայական պատասխանատվություն է զգում, մինչեւ իսկ՝ իրեն ողողած երջանկությունը կորցնելու վախ:  Եվ որքան ավելի երջանիկ է զգում իրեն, այնքան ավելի ցնցվում է այդ ամենը կորցնելու վախից: Նա վախենում է որդու հետ մենակ մնալ, որովհետեւ իրեն թվում է, թե կարող է սպանել նրան: Սկսում է մտածել վաղաժամ մահվան մասին, որը նրան հնարավորություն չի տա որդուն մեծացնել, ոտքի կանգնեցնել: Վախը կուտակվել է այն տարիներին, երբ նա երեխա չէր ունենում: Դրան է գումարվում հոգնածությունը, լարվածությունն աշխատավայրում, այլ գործոններ… Արդյունքը խուճապն ու ջղային նոպաներն են: 

Սիրուց ատելություն, ուրախությունից տխրություն… 

Մարդկային ուղեղի շատ կենտրոններ իրար շատ մոտ են տեղադրված: Մասնավորապես՝ նրանք, որոնք պատասխանատու են մարդու հուզական վիճակի՝ սիրո եւ ատելության, ուրախության եւ տխրության համար: Մարդու հոգում արժեքները խառնվում են, նա այլեւս չի զգում, թե ինչ ունի:  Նա կարիք ունի ամեն ինչ վերանայելու, վերագնահատելու: Ուղեղը հոգնում է ամեն ինչ վերահսկելուց:  

Երբ սեքսը եւ համբավը այժմեական չեն

Ի՞նչը կարող է օգնել դուրս գալ նման իրավիճակից: Հետաքրքիր վարժություն կա՝ արժեքների քարտեզ: Մարդը քարտեզ է ստանում, որի վրա թվարկված են մարդկային կոնկրետ արժեքները (սեր, հավատ, պարտականություն եւ այլն), որոնք ժամանակ առ ժամանակ վերանայվում են, որովհետեւ այս կամ այն արժեքը կյանքի որոշակի փուլում կարող է ոչ այժմեական դառնալ: Օրինակ՝ համբավը: Ժամանակի հետ այն կորցնում է իր կարեւորությունը, նվազում է դրա հետեւից վազելու պահանջը:  Կամ էլ, օրինակ, սեքսը: 50 տարեկանում այն կարող է պակաս  արժեքավոր լինել, քան 20-ում: 50 տարեկանում ավելի կարեւորվում են ընտանեկան արժեքները, ներդաշնակությունը, հարմարավետությունը: Իսկ Աստծու նկատմամբ հավատը միշտ այժմեական է: 

Ճանաչել ինքն իրեն

Որպեսզի մարդը հանգստանա եւ վերագտնի իրեն, մենք սկսում ենք նրա հետ արժեքների նոր քարտեզ ստեղծել: Բնականաբար, նա անմիջապես չի հանգստանում, անձնական աճի աստիճանական գործընթաց է տեղի ունենում:  Նա պիտի հասկանա, թե իր կյանքում ինչ է կատարվում, պիտի գտնի մտքերի թելը, պիտի հասկանա, որ կարող է բախվել ցավի, որը պսիխոսոմատիկ մակարդակում մարմնական թաղանթի է վերածվում, պիտի հասկանա, որ ինքը խնդիր ունի հաղթահարել այդ ամենը: Այսինքն դա բարդ աշխատանք է, ինչպես դպրոց գնալը: Դա  ինքնաճանաչման դպրոց է: Պիտի ճանաչես ինքդ քեզ, որ կարողանաս վերահսկել մինչեւ մարմնական հակազդեցությունների աստիճան, վերահսկես քայլերդ:

Եթե ամեն ինչ կա, բայց ինչ-որ բան պակասում է… 

Մարդկանց տեսակ կա, որոնց համար այն, ինչ ձեռք են բերում կյանքում, դադարում է արժեք լինել:  Կան նաեւ մարդիկ, որոնց համար մի անգամ ձեռք բերվածը (օրինակ՝ սիրով ամուսնությունը) անդրժամանակային արժեք է, ինչպես Աստծու հանդեպ սերը:

Առաջին դեպքում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել տղամարդու ցանկությունները, հասկանալ, թե նրան ինչն է պակասում:  Հաճախ պատահում է, որ տղամարդն ամեն ինչ ունենա, բայց էլի ինչ-որ բան ուզենա: Պատահում է, որ այդ ամենի հետ ինչ-որ բան նրան խանգարում է ստանալ ցանկալին, օրինակ՝ Աստծու հանդեպ հավատը:

Եթե տղամարդը զգում եւ հասկանում է, որ սիրում է կնոջը, բայց նոր զգացողությունների, ռոմանտիզմի, արկածների, ադրենալինի կարիք ունի, պիտի գիտակցի, որ դրա համար անհրաժեշտ է վճարել: Եվ սովորաբար վճարում են սեփական հոգեկան անհավասարակշռությամբ կամ էլ՝ ընտանիքի անբարեկեցությամբ եւ հոգեկան անհավասարակշռությամբ: 

Երկարաձգել հաճույքը եւկանխել գայթակղությունը 

Նման իրավիճակներում չհայտնվելու համար անհրաժեշտ է ի սկզբանե կանխել դրանք: Եթե տղամարդը կարողանա լավ երկարաձգել հաճույքը, նախ բլիթի ներքեւի մասն ուտելով, հետո՝ վերինը, կյանքը լրիվ այլ ընթացք կունենա:  Եթե ինչ-որ բան գայթակղում է տղամարդուն, անհրաժեշտ է հեռու մղել հաճույքը եւ նախ անել այն, ինչ պարտավոր է անել:  Իսկ հետո արդեն ցանկություն էլ չի ունենա գայթակղության առարկային անդրադառնալու: Պետք է կյանքի, երեխայի առաջ պատասխանատվություն ստանձնել եւ հասկանալ, որ կյանքում ոչ բոլոր հաճույքներն են ընդունելի: Պետք է մտածել, թե կանայք եւ երեխաներն ինչպես կնայեն դրան: Եթե դու ինքնահաստատվում ես՝ ուրիշին ցավ պատճառելով, չեմ կարծում, թե հետո հեշտ լինի: Այս կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել…  

Կինն ինչ պիտի անի

Ինչպես պիտի իրեն պահի այն կինը, որի ամուսինը ճգնաժամ է ապրում:  Ամենակարեւորը նրան սեփական զգացմունքների մասին պատմելն է: Դա մտերմացնում է, թույլ է տալիս հասկանալ, թե զուգընկերդ ճշգրիտ ինչ է ուզում:  Չարժե գործը հասցնել նրան, որ ձեր միջեւ սառույցի պատ առաջանա: Հետո անհամեմատ ավելի դժվար կլինի մտերմանալը:  Պետք չէ մոռանալ գովել տղամարդուն, հավանություն տալ նրա արածներին, որպեսզի նա գիտակցի իր կարեւորությունը: Չարժե հարաբերությունները կառուցել ենթադրությունների վրա, հանելուկներով տարվել, մտածել, որ նա սառել է, մինչդեռ իրականում գուցե չի կարողանում գլուխ հանել իր արժեքներից, չի կարողանում պոկվել իր բարդույթներից…