Հեպատիտ С-ի բուժման նորագույն մեթոդները պետք է մատչելի դարձնել Հայաստանում:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, Ֆրեզնոյի Կալիֆորնիա-Սան Ֆրանցիսկոյի համալսարանի դասախոս Մուհամադ Շեյխը: 

Նրա կարծիքով, Հայաստանում ամենից հաճախ օգտագործվում է հեպատիտ С-ի որոշ գենոտիպերի համար մի քիչ հնացած բուժում, իսկ նորագույն բուժումն առայժմ հասանելի չէ, հետո էլ՝ շատ թանկ արժե: 

Հեպատիտ С-ի բուժման կազմակերպումը շատ երկրներում բավականին լուրջ խնդիր է: Նորագույն դեղամիջոցները շատ թանկ արժեն. քիչ հիվանդներ կարող են իրենց թույլ տալ գնել դրանք, բայց նաեւ քիչ պետություններ կարող են ստանձնել բուժումն ու պետպատվեր կազմակերպել: 

ԱՄՆ-ում, օրինակ, մեծ մասամբ ապահովագրությունն է վճարում բուժման եւ դեղերի համար եւ հիվանդները ստիպված չեն լինում առանձին վճարել: Աղքատ երկրներում, որտեղ բժշկական ապահովագրության համակարգը զարգացած չէ, օրինակ՝ Եգիպտոսում եւ Պակիստանում, որտեղ հեպատիտ С-ն շատ տարածված է, դեղարտադրող խոշոր կազմակերպությունները արտոնագիր են տալիս դեղերի ավելի էժան տարբերակների՝ ջեներիկների արտադրության համար:

Հայաստանում այս պահի դրությամբ ոչ բժշկական ապահովագրություն է գործում, որ ծածկեր հեպատիտների բուժման ծախսերը, ոչ էլ հեպատիտ C-ի բուժման ժամանակ օգտագործվող բրենդային դեղամիջոցները փոխարինող էժան դեղամիջոցների արտադրություն կա: Հիվանդները ստիպված են իրենք վճարեն իրենց բուժման համար: Իհարկե սուր հեպատիտի բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում (ինչպես դա եղավ, օրինակ, Քաջարանում, որտեղի հիվանդանոցում տասնյակ մարդիկ հեպատիտ С-ով վարակվեցին):

Հիշեցնենք, որ Հայաստանը համարվում է հեպատիտների տարածման միջին ցուցանիչ ունեցող երկիր. դրանով վարակված է բնակչության մոտ  3-4 տոկոսը: