Շոտլանդիայի 65-ամյա բնակչուհի Ջո Միլնը Պարկինսոնի հիվանդությունն ախտորոշելու բացառիկ կարողություն ունի, որն արդեն հետաքրքրել է բժիշկներին ու գիտնականներին: 

Կինը Պարկինսոնի հիվանդություն ախտորոշելու ֆանտաստիկ կարողություն ունի, ընդ որում՝ վաղ փուլում, երբ թերապիան դեռեւս բավականին գործուն է:  Լաբորատոր թեստերի ընթացքում կնոջը, որին որոշ գիտնականներ գաղտնի    «գերհոտոտող» մականունն են տվել, կարողացել է քնաշապիկները հոտոտելով ճանաչել այն մարդկանց, որոնք տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ: 

Միլնը, որը 7 թոռան տատիկ է, քսան տարի առաջ առաջին անգամ իր ամուսնու՝ Լեսի մոտ է հոտի փոփոխություն զգացել:  Եւ դրանից անմիջապես հետո տղամարդու մոտ Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել: Երբ Էդինբուրգի համալսարանի գիտնականներն իմացել են Ջոյի տաղանդի մասին, նա նոր հետազոտության մաս է կազմել: 

Ինքը՝ կինը, ասում է, որ հիվանդների հոտի մեջ ծանր, մի քիչ մշկային բույր է զգում:   Գիտնականները համարում են, որ նյարդաբանական խնդիրը մաշկի ճարպային զանգվածի մեջ փոփոխություններ է առաջ բերում: Բայց այս հոտը կարող են որսալ միայն չափազանց զարգացած հոտառություն ունեցող մարդիկ, որոնց թվին է դասվում Ջոն: 

Եվ այժմ նրա տաղանդի շնորհիվ Մեծ Բրիտանիայի տարբեր գիտական կենտրոնների գիտնականները 200 մարդու մասնակցությամբ հետազոտություն են անցկացնում հոտի անալիզի ախտորոշիչ արժեքը պարզելու համար:  Եթե հետազոտությունը հաջողությամբ պսակվի, բժշկությունը իր տրամադրության տակ արժեքավոր գործիք կստանա Պարկինսոնի հիվանդության վաղ ախտորոշման համար: