Հոկտեմբերի 12-18-ին Հայաստանում  սուր շնչառական վարակման  2360 դեպք է արձանագրվել, ինչը 261-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի  քանակը (2621 դեպք): Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի Շնչառական   վարակների եւ առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժանմունքի պետ  Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով, ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացման թիվը Հայաստանում նորմայի սահմաններում է եւ չի գերազանցում համաճարակաբանական շեմը: Գրիպի հարուցիչի հետեւանքով բարդություններ ունեցող հիվանդներ այս պահին եւս չկան, չնայած երեխաների հիվանդանոց տեղափոխելու դեպքեր եղել են:  

Ինչ վերաբերում է գրիպին, դրա А եւ B հարուցիչներ առայժմ չեն հայտնաբերվել. մարդիկ հիմնականում հիվանդանում են մրսածությունից, քթային հարուցիչներից եւ ադենոհարուցիչներից, նշել է մասնագետը: 

Սուր շնչառական վարակներից եւ գրիպից խուսափելու համար Առողջապահության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս. 

• Սեզոնին համապատասխան հագնվել

• Ջանալ հիվանդ տեսք ունեցող մարդկանց հետ շփվելիս հեռավորություն պահպանել 

• Հնարավորինս հաճախ օդափոխել տարածքը

• Հնարավորինս շատ հեղուկ խմել

• Հետեւել անձնական հիգիենայի կանոններին

Եթե հիվանդացել եք, չարժե ինքնաբուժմամբ զբաղվել: Տնից դուրս գալ եւս չարժե: Եթե ձեր ջերմաստիճանը  38-ից ցածր է, չարժե ջերմությունն իջեցնող դեղեր խմել: Իսկ եթե   38 ու բարձր է, Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս բժշկի դիմել ձեր բնակության վայրին համապատասխանող պոլիկլինիկայում: