Միսնկում անցկացվող ԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակոբը ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որով սահմանվում են երկու կառույցների միջեւ 2016-2017թթ. նախատեսվող համագործակցության ուղղությունները:

Ստորագրված փաստաթղթով նախատեսված է շարունակել համագործակցությունը իմունականխարգելման, տուբերկուլոզի ազգային ծրագրի, հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների, հանրային առողջապահական կարողությունների հզորացման, ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրման եւ վերահսկման համակարգի ստեղծման, մոր եւ մանկան առողջության պահպանման, միջազգային առողջապահական կանոնների կիրառման, ինչպես նաեւ այլ ուղղություններով:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ից 22-ը Մինսկում անցկացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն-2020» ռազմավարության համատեքստում մարդու կյանքի բոլոր փուլերում առողջապահական մոտեցումների իրականացմանը նվիրված ԱՀԿ նախարարական համաժողովը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի եւ Բելառուսի առողջապահության նախարարության ջանքերով կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության նախարարներ, ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դիտորդներ։

Համաժողովի շրջանակում քննարկվեցին մարդու կյանքի տարբեր փուլերում եւ սերնդեսերունդ փոխանցվող առողջությանը նպաստող կամ վնասող գործոնները` դրանց նշանակությունն ինչպես առողջապահության, այնպես էլ` պետական կառավարման բնագավառներում որոշելու համար: