Մյունխենի Հելմհոլցի անվան հետազոտական կենտրոնի թիմը պարզ թեստ է մշակել, որը կարող է որոշել հղիությունից հետո շաքարախտի զարգացման ռիսկը:
Շաքարային դիաբետը ամենատարածված խնդիրներից է, որոնք կարող են առաջանալ հղիության ժամանակ: Թեպետ հիվանդության ախտանիշները ծննդաբերությունից հետո վերանում են, գեստացիոն շաքարախտ ունեցող կանայք հետծննդաբերական շաքարախտի զարգացման բարձր ռիսկային գոտում են գտնվում:
Գեստացիոն շաքարախտի առաջացման պատճառը համարվում է հղիության 2-րդ եւ 3-րդ եռամսյակում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները, երբ ենթաստամոքսային գեղձն ավելի շատ ինսուլին պետք է արտադրի, որպեսզի չեզոքացնի արյան մեջ շաքարի մակարդակի վրա հորմոնների ազդեցությունը: Եթե ենթաստամոքսային գեղձը չի կատարում այդ ֆունկցիան, դա հանգեցնում է գեստացիոն շաքարախտի:
Գերմանացի մասնագետները հստակ մեթոդ են մշակել, որը կանխորոշում է հետծննդաբերական շաքարախտի զարգացման հավանականությունը: Նրանք ուսումնասիրել են հետծննդաբերական շաքարախտ ունեցող 110 կանանց: Նրանք ուշադրություն են դարձրել մարմնի զանգվածի ինդեքսին եւ գենետիկ հակմանը: Այդ ցուցանիշների հիման վրա նրանք մշակել են բալային համակարգ, որը թույլ է տալիս կանխորոշել հետծննդաբերական շաքարախտի զարգացման հավանականությունը: Ծննդաբերությունից հետո 5 տարվա ընթացքում շաքարախտի զարգացման ցածր հավանականությունը 11 տոկոս է: Միջին ռիսկը տատանվում է 29-64 տոկոսի սահմաններում, իսկ բարձր ռիսկի ցուցանիշը 80 տոկոս է:
Մշակած թեստը շատ պարզ է եւ հետագայում կարող է հեշտորեն կիրառվել հետծննդաբերական շաքարախտի զարգացման հավանականությունը կանխորոշելու համար, նշում են մասնագետները:






