ՄԻԱՎ-վարակակիրների բուժման այժմյան ցուցանիշների պարագայում 2020 թվականին վարակվածների թիվը կարող է 250%-ով ավելանալ, եւ համաճարակը դուրս կգա վերահսկողությունից: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«Ֆինանսավորման ներկա մակարդակը թույլ է տալիս 2015 թվականին համապատասխան բուժմամբ ապահովել շուրջ 200 հազար ՄԻԱՎ-վարակակիրների. դա 23% է: Դեղորայքի գնի լրացուցիչ նվազման պարագայում մեզ կհաջողվի 25-30% բուժում ապահովել: Այդ դեպքում կզարգանա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի սցենարը, որի համաձայն, 2020 թվականին հիվանդների թիվը կաճի 250%-ով»,- հայտարարել է Սկվորցովան:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ ԱՀԿ-ի երաշխավորած դեղամիջոցների արժեքի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն հիմա Ռուսաստանում դեղամիջոցների գինը մեծամասամբ ավելի ցածր է, քան Եվոպայի երկրներում, ԱՄՆ-ում եւ ԲՐԻԿՍ-ի երկրներում: