Բժշկության զարգացմանը զուգահեռ շատերը սկսել են այն ընկալել միայն որպես գիտություն՝ մոռանալով, որ բժշկությունը նաեւ արվեստ է: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայից ընտանեկան բժիշկ Մերի Չորբաջյանը:
Վերջերս շատ մասնագետների մեջ տարածում է գտել «Whole person medicine»-ը՝ «ամբողջական մարդու բժշկումը», որը, ինչպես բացատրել է բժիշկ Չորբաջյանը, ենթադրում է ոչ միայն բուժում որոշակի ֆիզիկական հիվանդությունից, այլեւ մարդու, նրա մարմնի եւ ուղեղի ընկալումը որպես մեկ ամբողջություն:
«Սխալ է մարդուն բուժել միայն ֆիզիկական հիվանդությունից. պետք է նաեւ հիշել, որ նա միտք ու հոգի ունի եւ բուժման ընթացքում չի կարելի մոռանալ դրանց մասին», - ասել է մասնագետը:
Չոբաջյանի կարծիքով շատ կարեւոր է, որ բժիշկը բուժման ընթացքում փորձի ավելի լավ հասկանալ հիվանդին, նրա մտածելակերպը, զգացումները, ինչպես նաեւ արժեքները եւ կյանքի մասին պատկերացումները, որոնցով առաջնորդվում է այդ մարդը եւ որոնք ձեւավորում են նրա մտածողությունը: Բոլոր այդ գիտելիքները ոչ միայն բժշկին կօգնեն ավելի լավ հասկանալ հիվանդին, այլեւ հիվանդի եւ բժշկի հարաբերությունները կկառուցեն վստահության հիման վրա, ինչն անկասկած իր ազդեցությունը կթողնի բուժման արդյունավետության վրա:
Եթե հիվանդը զգա, որ բժիշկը հետաքրքրված է իրենով, հոգ է տանում իրեն, ավելի շատ կվստահի նման բժշկին եւ նրանում գործընկերոջ կտեսնի, ոչ թե միայն բժշկի: Եթե բժիշկը խորհուրդ կամ հանձնարարություն տա, հիվանդն ամենայն հավանականությամբ ականջ կդնի նրա հրահանգներին: Այդ ամենը կօգնի հաղթահարել բոլոր խնդիրները դեպի առողջություն նրանց համատեղ ընթացքում:






