Հոգեկան հիվանդների հետ աշխատելիս՝ շատ կարեւոր է կարողանալ բացահայտել այն մարդկանց, որոնք հակված են ինքնասպանությունների, քանի որ նրանց նկատմամբ բոլորովին այլ մոտեցում պետք է լինի: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Հոգեկան առողջության գիտական կենտրոնի բժշկական հոգեբանության բաժնի ղեկավար Սերգեյ Ենիկոլոպովը ( նշանավոր քիմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովի որդին), որը Երեւանում մասնակցում է հոգեբույժների ու հոգեբանների միջազգային գիտաժողովին: Նա զեկույց է ներկայացրել «Որոշումների կայացումն ու սուիցիդի վտանգը էնդոգեն հոգեկան խանգարումներով հիվանդների մոտ»:

Նրա խոսքով, շատ հաճախ հիվանդների հետ աշխատանքի ժամանակ շեշտադրումն անում են հիմնական հիվանդության՝ շիզոֆրենիայի, դեպրեսիայի վրա ու հաշվի չեն առնում, որ հիվանդի համար այդ իրավիճակից մեկ այլ հնարավոր ելք էլ կա՝ ինքնսպանությունը:

Սերգեյ Ենիկոլոպովը պարզաբանեց, որ որոշումների կայացման ավանդական մոդելների հիմքում ռացիոնալ մոտեցումն է, երբ զգացմունքների ազդեցության գործոնը հաշվի չի առնվում: «Բառացիորեն օրերս Ռուսաստանը ցնցվեց կրասնոգորսկի հրաձգի արարքից: Հասարակությանը ցնցեց այն, թե ինչպես կարող էր հաջողակ մարդը՝ որը ոչ հիմար էր, ոչ էլ ավազակ, նման խենթ ու ոչ ռացիոնալ որոշում կայացնել: Դա իհարկե աֆեկտի վիճակ չէր՝ այդ բառի իրավական ընկալումով, որը ենթադրում է, որ մարդը չի վերահսկում իր գործողությունները, բայցեւայնպես նա այդ քայլն արել էր իր համար ծայրահեղ իրավիճակում՝ զգացմունքների ազդեցության տակ»,- ասաց Ենիկոլոպովը:

Փորձագետի խոսքով, իրենց մեթոդաբանությունը թույլ է տալիս բացահայտել որոշումների կայացման վրա զգացմունքների ազդեցությունը եւ կյանքից հեռանալու մասին ոչ ռացիոնալ որոշում կայացնելու հնարավորությունը: Մասնավորապես նման թեստերից մեկը , կարելի է ասել, խաղաքարտային խաղի համակարգչային տարբերակ է՝ շահումով: Ընտրությունը, որն այս թեստի ընթացքում անում է հիվանդը, թույլ է տալիս հասկանալ, թե զգացմունքներն ինչպես են ազդում նրա որոշումների վրա:

«Մենք այս ձեւով բացահայտում ենք ռիսկի խումբը, որի հետ պետք է առանձին աշխատել»,- նշեց նա:

Սերգեյ Ենիկոլոպովը հավելեց, որ խոսքը հենց հոգեկան հիվանդների մասին է: Նրա խոսքով, հոգեպես առողջ մարդիկ նույնպես կարող են ինքնասպանության մասին որոշում կայացնել, եւ դա կարող է միանգամայն ռացիոնալ որոշում լինել: