Օդի աղտոտվածության բարձր մակարդակը, մեքենաների արտանետած գազերը ու վատ էկոլոգիան բացասաբար են անդրադառնում երեխայի թոքերի վրա: Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի հետազոտողները: Մթնոլորտում մեքենաների արտանետած գազերի բարձր մակարդակ ունեցող քաղաքներում ապրող 8-9 տարեկան երեխաների թոքերի ծավալը նորմայից 10 տոկոսով ավելի քիչ է:
Վեց տարվա ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են Լոնդոնի արեւելյան թաղամասերի 25 դպրոցների 2400 աշակերտների թոքերը ու ուղիղ կապ են հայտնաբերել օդի աղտոտվածության ու թոքերի դանդաղ զարգացման միջեւ: Այն երեխաները, որոնք ապրում են աղտոտված օդով թաղամասերում, ասթմայի, բրոնխիտի ու թոքերի այլ հիվանդությունների զարգացման ռիսկի հատուկ խմբում էին: Ընդ որում նաեւ երեխայի թոքերի ծավալի մշտական կրճատման վտանգ կար:
Դիտարկումների ժամանակ գիտնականները ստուգում էին, թե օդի ինչ ծավալ կարող է շնչել յուրաքանչյուր երեխա, ինչպես նաեւ նրանց թոքերում բորբոքված օջախների առկայությունը: Մեզի անալիզները վկայում էին օրգանիզմում ծանր մետաղների պարունակության մասին, որոնք մեքենաների բանեցրած գազերն են մթնոլորտ արտանետում:
Աղտոտված օդի բարձր մակարդակով տեղանքում բնակվող երեխաների թոքերն, ընդհանուր առմամբ, ավելի փոքր ծավալ ունեին, քան նրանց թոքերը, որոնք ապրում էին նվազ աղոտված մթնոլորտով թաղամասերում: Դրա համար էլ գիտնականները խորհուրդ են տալիս անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխաները մեծանան ավելի մաքուր օդում եւ ավելի բարանպաստ թաղամասերում:






