Նեւրոզները կարելի է վստահելիորեն անվանել դարի հիվանդությունը. իրենց տարածվածության մակարդակով նրանք բոլոր հիվանդությունների մոտ 1/3-ն են կազմում եւ վտանգ են ներկայացնում ոչ միայն ինքնին, այլեւ նրա համար, որ կարող են ազդել մարդու օրգանների եւ համակարգերի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:
Նրա խոսքով, նեւրոզի դեպքերի 80-90%-ը կարող է հանգեցնել սեռական ոլորտի խնդիրների, ինչն իր հերթին կարող է ամուսնական զույգերի վեճերի եւ նույնիսկ ամուսնալուծությունների պատճառ դառնալ: Ընդ որում, նեւրոզներն ու սեռական բնույթի խնդիրները յուրահատուկ փակ շրջան են. նեւրոզը կարող է անկողնում խնդիրներ առաջացնել, իսկ այդ խնդիրները, իրենց հերթին, կուժեղացնեն նեւրոզը:
Նեւրոզն ի՞նչ է ներկայացնում իրենից:
Սեքսապաթոլոգի խոսքով, դա նյարդային համակարգի ֆունկցիոնալ խախտում է: Այսինքն՝ հիվանդի օրգանները չեն վնասվում, ուռուցքներ, արյան շրջանառության խանգարումներ, գլխի վնասվածքներ, ուղեղի վարակիչ (էնցեֆալիտի տեսակի) կամ այլ հիվանդություններ չկան, բայց կա ֆունկցիոնալ խանգարում:
Հաճախ սթրեսն է դառնում նեւրոզի պատճառ. որոշ դեպքերում, հատկապես երեխաների մոտ, նեւրոզներ կարող են առաջանալ վախերից: Գիտության մեջ նեւրոզը բաժանում են երեք խմբի՝ նեւրասթենիա, հիսթերիկ նեւրոզ, սեւեռուն վիճակների եւ գաղափարների նեւրոզ: Այս երեք տեսակներից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի, բայց դրանք բոլորը կարող են ազդել մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա եւ, ինչպես Մարատ Զաքարյանն է նշել, սրտի, աղեստամոքսային տրակտի, ճնշման հետ կապված խնդիրներ, անքնություն, տագնապի վիճակ առաջացնել:
Նեւրոզը հնարավոր է բուժել, բայց նախ պետք է ճիշտ ախտորոշել. ինչպես նշել է սեքսապաթոլոգը, շատ հաճախ այլ հիվանդությունները կարող են նմանատիպ ախտանիշներ ունենալ եւ ճիշտ բուժման համար անհրաժեշտ է նախ համոզվել, որ մարդը հենց նեւրոզից է տառապում:






