Նեւրոզները ֆունկցիոնալ հոգեծին խանգարումներ են, որոնցից կարող են տառապել ոչ միայն մեծերը, այլեւ երեխաները: Այն մասին, թե երեխաների մոտ որտեղից են հայտնվում նեւրոզները, մեզ պատմել է Լիլիթ Խաչատրյանը:  

Նրա խոսքով, վերջերս մանկական նեւրոզները մեծ տարածում են գտել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների նեւրոզների մեծամասնության հիմքում հակամարտություններն ու սթրեսային իրավիճակներն են: 

Երեխաների մոտ նեւրոզներն ամենից հաճախ առաջանում են ընտանիքում բախումների հետեւանքով՝ ծնողների հակասությունների կամ ծնողների հետ բախումների, նրանց ամուսնալուծության, ծնողներից կամ հարազատներից մեկի մահվան հետեւանքով:  Մեծ դեր կարող է խաղալ ծնողների վերաբերմունքը դաստիարակությանը. եթե նրանք չափից շատ բան են պահանջում երեխայից, եթե երեխան անընդհատ լարված է, եթե անընդհատ պատժի է սպասում ծնողների սպասելիքներին չհամապատասխանելու համար, դա եւս կարող է նեւրոզի զարգացման հանգեցնել: 

Հետաքրքիր է, որ հաճախ նեւրոզի պատճառ են դառնում կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես օրինակ՝ ուրիշ դպրոց տեղափոխվելը, բնակավայրի փոփոխությունը եւ այլն:  Ոչ բոլորի համար է հեշտ հարմարվել նոր պայմաններին՝ շատերի համար նորը սոսկ ոչ պետքական սթրես է:  

Հետաքրքիր է նաեւ, որ ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ նեւրոզը սովորաբար հայտնվում է միակ ախտանիշով. դա կարող է լինել, օրինակ՝ ներամփոփություն, արտաքին աշխարհից մեկուսացում, նյարդային տիկեր, սեւեռուն, կրկնվող գործողություններ եւ այլն: