ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Քիմ Հեքիմյանը ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց ալյուրի հարստացման վերաբերյալ համատեղ համաժողով կազմակերպել եւ խոստացավ Հայաստան հրավիրել միջազգային փորձագետների, ովքեր կարող են ներկայացնել աշխարհի փորձը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարույթունը, նախարար Արմեն Մուրադյանի Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կառավարման կոմիտեի անդամ, բժշկության և ֆարմակոլոգիայի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի, ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Քիմ Հեքիմյանի, ՌԴ Օստեոպորոզի ասոցիացիայի նախագահ Օլգա Լենսկայայի և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հանրային առողջապահական հարցեր։

Անդրադարձ կատարվեց իմունականխարգելման և աղի յոդացման ծրագրերի արդյունավետությանը։ Տեղեկանալով ցորենի ալյուրի հարստացման ծրագրի շուրջ առանձին ուժերի բացասական վերաբերմունքի մասին, հյուրերն իրենց մտահոգությունն արտահայտեցին` կարծիք հայտնելով, որ ծրագրի չիրականացումը հղի է մեծ վտանգներով։

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ալյուրի հարստացումը բավական խնդիրներ է լուծում և անվտանգ ծրագիր է»,-ասաց Ջոն Բիլեզիկյանը։ Իսկ Քիմ Հեքիմյանն առաջարկեց համատեղ համաժողով կազմակերպել։ Նա բերեց Պաղեստինի օրինակը, որտեղ նույնպես հացը սրբություն է համարվում և մեծապես օգտագործվում։ Ցորենի ալյուրի հարստացման արդյունքում այս երկրում երեք տարվա ընթացքում 30 տոկոսով կրճատվել է երկաթի պակասը։ Ի դեպ, նա խոստացավ Հայաստան հրավիրել միջազգային փորձագետների, ովքեր կարող են ներկայացնել աշխարհի փորձը։

«Նման խնդիր այսօր ԱՄՆ-ում ևս կա։ Երկրում ինչ-ինչ շարժմանը հետևող որոշ մայրիկներ հրաժարվում են պատվաստումներից, ինչի արդյունքում գլուխ են բարձրացնում վարակիչ այնպիսի հիվանդություններ, որոնք վաղուց չէին արձանագրվում»,-հավելեց նա։

Քննարկման ընթացքում կարևորվեց, որ հանրային առողջապահական ծրագրերը պետք է մշակեն և իրականացնեն հանրային առողջապահության մասնագետները։ Եվ անգամ բժշկական կրթությունը երբեմն բավարար չէ այդ ծրագրերի ճիշտ գնահատման համար։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց երկարամյա համագործակցության, ցուցաբերած աջակցության համար։

Ջոն Բիլեզիկյանն ուրախությամբ նշեց, որ անցած հինգ տարվա ընթացքում Հայաստանում նկատելի առաջընթաց է ապահովվել օստեոպորոզի հաղթահարման գործում, բարձրացել է բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը։