2014թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է սրտի իշեմիկ հիվանդությունների և սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահվան 7349 դեպք, իսկ 2015թ. նույն ժամանահատվածում՝ 6928։ Մահվան դեպքերի քանակը նվազել է 421-ով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը՝ մահվան դեպքերի նվազումը բացատրելով սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի արդյունավետությամբ:

Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից 2014թ. հունվարի 1-ից հունիսի 30-ը մահվան դեպքերը կազմել են 4740, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում` 4424 կամ նվազել է 316 դեպքով: 

Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, բնակչության շրջանում մեծ արձագանք է ստացել 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սոցիալական կարևոր նշանակության այս ծրագիրը հանրության կողմից ստացել է «կյանք փրկող ծրագիր» անվանումը, ինչն ամբողջ աշխարհում հենց այդպես էլ կոչվում է՝ «Stent for life»։ 

Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի արդյունքները տպավորիչ են։ 

Ինչպես նշվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, ի սկզբանե մեծ ուշադրություն է դարձվում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում իրականացվող բժշկական ծառայության որակին և դրա համապատասխանությանը նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին։ Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական 10 կազմակերպությունում («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», Գյումրի, Գորիսի բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնում» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ») բժշկական օգնության և սպասարկման որակը և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում։ 

Նշենք, որ սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրման ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից։