10 ամսական երեխան, որը թունավորումով հիվանդանոց էր ընկել, սնկով ապուր էր կերել: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանը:  

Մասնագետի խոսքով, բարդ է ասել, թե իրականում ինչով էր պայմանավորված թունավորումը: Փաստ է, որ երեխան սնկով ապուր է կերել, բայց նրա թունավորման պատկերը նման չէ սնկային թունավորման: 

Բարեբախտաբար այժմ երեխայի վիճակը կայուն է եւ վաղը նախատեսում են նրան դուրս գրել: 

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել է Հայաստանի Առողջապահության նախարարությունը, հոկտեմբերի 23-ից 26-ը վեց երեխա է բերվել  «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Հիշեցնենք նաեւ, որ մի քանի օր առաջ Հայաստանի Արագածոտնի մարզում սնկային թունավորման եւս երկու դեպք է արձանագրվել:  

Այս առիթով մասնագետները հիշեցնում են, որ անհայտ ծագում ունեցող սունկ ուտելն անվտանգ չէ. սունկ կարելի է գնել միայն առեւտրական կետերից իրավասու մարմնի տրամադրած փաստաթղթի առկայության դեպքում: Երեխաներին սունկ տալ եւս խորհուրդ չի տրվում, հատկապես՝  10 ամսական: