«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում թունավորման ախտանիշներով 7 երեխա է մնացել. բոլոր այդ երեխաները, իրենց ծնողների խոսքով, սունկ են կերել, սակայն նրանց մոտ սնկային թունավորմանը բնորոշ պատկեր չկա: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:
Նրա խոսքով, երեխաները սրտխառնոց ունեն, ստամոքսի հետ կապված խնդիրներ, փորլուծություն. սա գաստրոէնտերիտին բնորոշ պատկեր է: Իսկ սնկային թունավորումը սովորաբար ավելի ծանր պատկեր ունի: Այս պահին մասնագետի խոսքով երեխաներից ոչ մեկի մոտ սնկային իսկական, լուրջ թունավորման պատկեր չկա: Սնկային թունավորմանը հաճախ ուղեկցող՝ լյարդի հետ կապված խնդիրներ եւս չեն նկատվել:
Թունավորված երեխաների միջեւ համաճարակաբանական կապ եւս գոյություն չունի. նրանք բոլորն ընդունվել են տարբեր օրերի եւ ապրում են տարբեր վայրերում, որոշները՝ Երեւանում, ոմանք էլ՝ այլ քաղաքներում ու գյուղերում:
Ինչպես տեղեկացրել է բժիշկ Բավեյանը, երեխաների վիճակը ներկայումս կայուն է. բոլորին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել եւ շատերին շուտով դուրս կգրեն:
Հիշեցնենք, որ, ինչպես հաղորդել էր Հայաստանի Առողջապահության նախարարությունը, հոկտեմբերի 23-ից 26-ը վեց երեխա սնկային թունավորմամբ տեղափոխվել էր «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
Դրա հետ կապված՝ մասնագետները հիշեցնում են, որ անհայտ ծագում ունեցող սնկեր ուտելը վտանգավոր է. անհրաժեշտ է սունկ գնել միայն առեւտրական կետերից՝ իրավասու մարմնի տրամադրած փաստաթղթի առկայության դեպքում: Երեխաներին սունկ տալ եւս խորհուրդ չի տրվում, հատկապես՝ փոքրերին:






