Նեւադայի նահանգում գտնվող Rejuvenice գեղեցկության սրահի մենեջեր 24-ամյա Չելսի Էյքին մեռած են գտել սառցասենյակում: Պարզվել է, որ աղջիկը պատահաբար ինքն իրեն փակել է երիտասարդացնող խցիկում, որի ջերմաստիճանն ընկել է մինչեւ մինուս 150 աստիճան: Այդ խցիկում աղջիկն առնվազն 10 ժամ է անցկացրել եւ մահացու սառել է:
Սրահի աշխատակիցները ցնցված էին, երբ սառցախցիկում հայտնաբերել էին աղջկա մարմինը: Նախնական տվյալներով, աղջիկը խցիկն օգտագործել է առանց որեւէ մեկի օգնության եւ շնչահեղձ է եղել ներսում: Սակայն նրա մահվան պաշտոնական պատճառները հայտնի չեն. կամ նա գազերից է շնչահեղձ եղել, կամ էլ սառցակալումից է մահացել:
«Ես գիտեմ, որ նա մենակ է մնացել սրահի փակումից հետո, գնացել է խցիկ եւ հավանաբար չի սեղմել «անջատել» կոճակը, - պատմել է մեռածի ընկերուհին՝ Շե-Լինն Բին: Չելսին իմ ամենամոտ ընկերուհին էր, ես կկարոտեմ նրան: Ափսոս, որ ես նրա կողքին չէի: Միակ մարդը, որը գիտե, թե իրականում ինչ է եղել այնտեղ, Չելսին է»:
Rejuvenice-ի տերերը մինչեւ հիմա չեն մեկնաբանել սրահում տեղի ունեցածը:
Սառցաթերապիան ցածր ջերմաստիճանի ազդեցությունն է մարմնի առանձին հատվածների կամ ամբողջ մարմնի վրա: Այդ պրոցեդուրան ներկայումս մեծ ժողովրդականություն է վայելում եւ հիմնված է մաշկի մակերեւույթի սառեցմանը օրգանիզմի պատասխան ռեակցիաների վրա: Դա օգտագործվում է ճարպակալման, բարորակ եւ չարորակ ուռուցքների բուժման, ինչպես նաեւ վնասված մկանների եւ տարբեր այլ վնասվածքների բուժման համար: Համարվում է, որ սառցաբուժությունը ջահելացնում է օրգանիզմը, ամրապնդում իմունային համակարգը, հանում է սթրեսը, ազատում է ցավից ու բորբոքումներից:






