Դեղամիջոցների շրջանառության թեման լայնորեն կքննարկվի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախարարական նիստում, որին կմասնակցի նաեւ ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը:
Միջոցառման շրջանակում անդրադարձ կկատարվի դեղերի գրանցման ընթացքում դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման, ինչպես նաեւ 2014թ. դեկտեմբերին ստորագրված «Բժշկական սարքավորումների շրջանառության միասնական կանոնների եւ սկզբունքների մասին» Համաձայնագրի իրականացման համար Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված իրավական ակտերի նախապատրաստական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:
Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 14-ին Աստանայում դեղամիջոցների շրջանառությանը նվիրված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել «Դեղերի շրջանառության մասին» Համաձայնագրի իրականացման շուրջ տարակարծությունների քննարկման նպատակով կազմակերպել նախարարական խորհրդակցություն:






