Ուրախ եմ, որ երիտասարդ, բանիմաց ձեր թիմի համախմբված աշխատանքի շնորհիվ առողջապահության համակարգի եւ մեր երկրի համար տեսանելի ու մնայուն արժեքներ են ստեղծվում, լուրջ բարեփոխումներ իրականացվում։ Այս մասին, փետրվարի 11-ին, Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը:
«Ձեր մասնագետները մասնակցություն են ունենում նաեւ ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի մշակման, ծրագրերի կազմման եւ փորձագիտական աշխատանքներում։ Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին գերակշիռ են դարձել հիվանդանոցային շինարարության ու արդիականացման ծրագրերը։ Սակայն առաջիկայում Առողջապահության ազգային ինստիտուտի ու Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի հետ ձեր գրասենյակը կընդգրկվի ոլորտ առ ոլորտ համակարգի բարեփոխումների ծրագրերում»,- ասել է նա:
Առանձնացված այս ստորաբաժանման հաշվետվությունը նախարարն ընդունել է տեղում` միաժամանակ ծանոթանալով աշխատակիցներից յուրաքանչյուրի գործառույթներին։
2013-ը ԾԻԳ-ի համար բավական հաջողված տարի էր։ Լայն թափով շարունակվել է մարզային հիվանդանոցների օպտիմալացումն ու արդիականացումը։ Վերջերս վերաբացվեց հիմնանորոգված եւ նորագույն սարքավորումներով ու գործիքներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնը։ Շարունակվում են Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Ալավերդու, Կապանի եւ Բերդի հիվանդանոցների արդիականացման աշխատանքները։ Շուտով կսկսվի նաեւ Վանաձորի 190 մահճակալ հզորությամբ հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։ Միաժամանակ 5 մարզում շահագործման է հանձնվել հիմնովին նոր կառուցված 13 բժշկական ամբուլատորիա։ Նախարար Դումանյանը կարեւորեց, որ 2013-ին շինարարական աշխատանքների եւ սարքավորումների ձեռքբերման մրցույթների արդյունքում տնտեսված մոտ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով կկառուցվի եւս 6 բժշկական ամբուլատորիա (3-ը` սահմանամերձ Տավուշի մարզում), կհիմնանորոգվեն Ճամբարակի հիվանդանոցն ու Մեծամորի պոլիկլինիկան, «Շտապօգնության» նախկին 10 մեքենա կվերանորոգվի եւ կհատկացվի հեռավոր շրջանների ամբուլատորիաներին։ Նա նաեւ հանձնարարեց շարունակել իրականացնել շահագործման հանձնվող բուժհաստատությունների արտաքին բարեկարգումը, թեեւ այն ընդգրկված չէ ծրագրերում։
«Ողջունելի է, որ տնտեսված միջոցներով այսքան աշխատանք է կատարվում։ Սակայն երբեք տնտեսումները որակի հաշվին չպետք է լինեն։ Շարունակեք մշտական խիստ հսկողություն իրականացնել ընթացող բոլոր աշխատանքների որակի նկատմամբ։
Դուք փոձառու մասնագետներ եք եւ շատ լավ պատկերացնում եք, որ բժշկական նորագույն կենտրոնների կառուցումը դեռեւս մարզերում առկա առողջապահական խնդիրները լիովին լուծելու եշախիք չէ։ Նախարարությունը բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանը, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանն ու մասնագետներով արահովմանն ուղղված 40 միջոցառում է իրականացնում, որոնցից շատերը շարունակական են։ Այստեղ կարեւոր է նաեւ մարզային հիվանդանոցի օպտիմալ մոդելի մշակումը։ Ամբուլատորիայի նման մոդելը կարելի է հաջողված համարել։ Սակայն որոշ քաղաքներում նախկինից ժառանգություն մնացած հսկայածավալ կառույցների օպտիմալացումն օրախնդիր է»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Այնուհետեւ նախարարին զեկուցեցին 2014-2019թթ. ընթացքում իրականացվելիք ոչ վարակիչ երեք հիվանդությունների` սրտանոթային, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի նախապատրաստության ընթացքի մասին։ Աշխատանքներ կտարվեն պոլիկլինիկական համակարգի գործիքային համալրման, բուժանձնակազմի ուսուցման, ինչպես նաեւ ազգաբնակչության իրազեկման ուղղությամբ։ Կարեւորելով այս ծրագիրը, նախարար Դումանյանը շեշտեց, որ այն լավ մեկնարկ կարող է դառնալ սկրինինգային հետագա ծրագրերի համար։
«Ենթադրվում է, որ այս ծրագրի արդյունքում մեծ թվով շաքարային դիաբետի դեպքեր կհայտնաբերենք։ Նրանց եւս կապահովենք կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։ Մենք պետք է հնարավորություններ գտնենք զարկերակային գերճնշում ունեցողներին եւս ապահովել ճնշումը կարգավորող անվճար դեղորայքով։ Որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ճանապարհով ինսուլտների դեպքերը կարելի է կրճատել 30 տոկոսով»,-ասաց նախարարը։
Դերենիկ Դումանյանը Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ նաեւ քննարկեց առաջիկա ծրագրերը։






