Զգուշացում. նյութը բաց վերքի լուսանկարներ է պարունակում

«Մալաթիա» բուժկենտրոնի բժիշկները կարողացել են փրկել Արտաշատում փոխհրաձգության ընթացքում վիրավորված 36-ամյա տղամարդու ոտքը: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է կլինիկայի տնօրենի տեղակալ, պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանը, որն իրականացրել է վիրահատությունը, հիվանդը թափանցանց հրազենային վերք է ունեցել աջ ոտքին. եւ վնասվել էին ոչ միայն նուրբ հյուսվածքները, այլեւ ոտքը սնուցող հիմնական զարկերակը: Վնասվածքները շատ լուրջ էին, հիվանդը շատ արյուն էր կորցրել, եթե վերջույթի արյան մատակարարումը արագ չվերականգնվեր, նրան անդամահատում էր սպասում:

«Նրան մեզ մոտ են բերել ծանր վիճակում. գլխավոր զարկերակը վնասված էր, իսկ վերքը խիստ արյունահոսում էր», - պատմել է բժիշկ Մնացականյանը: «Հիվանդը շատ արյուն էր կորցրել եւ շոկային վիճակում էր: Երիատասարդ տղամարդը կարող էր զրկվել ոտքից»:

Տղամարդու ոտքը փրկելու համար վիրաբույժը ստիպված է եղել անոթի պլաստիկ վիրահատություն կատարել եւ վերականգնել վնասված զարկերակի ամբողջականությունը՝ հենց հիվանդի երակներից ինքնափոխպատվաստուկ օգտագործելով: Պլաստիկ  վերականգնման է ենթարկվել նաեւ վերքից վնասված նյարդը: Աքիլլեսյան ջիլը եւս պատռվել էր, դա եւս ստիպված են եղել կարել: 

Վիրահատությունը տեւել է մոտ 6 ժամ եւ արդյունքում մասնագետները կարողացել են ամբողջությամբ վերականգնել ոտքի արյան մատակարարումը:  Այժմ հիվանդը պիտի բավականին երկար վերականգնողական կուրս անցնի, բայց մի քանի շաբաթ անց, մասնագետների գնահատականներով, նորից կկարողանա քայլել:  

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 27-ին Արտաշատում հրազենի գործածությամբ միջադեպ է տեղի ունեցել եւ 38-ամյա Աշոտ Բ.-ն ու 36-ամյա Արմեն Բ.-ն հիվանդանոց են հասցվել ոտքի վնասվածքներով: