Բրիտանական թերթերում հայտարարություն է հայտնվել, որը կամավորներին հրավիրում է Էբոլայի տենդի դեմ նոր պատվաստանյութի փորձարկման:
Լոնդոնի Hammersmith Medical Research հետազոտական լաբորատորիան իր հայտարարության մեջ նշել է, որ դեղամիջոցի փորձարկմանը կարող են մասնակցել 18-65 տարեկան մարդիկ: Փորձարկումները կսկսվեն նոյեմբերին եւ կարող են մինչեւ մեկ տարի տեւել: Նախ կամավորները ստիպված կլինեն արյան անալիզ հանձնել եւ ամբողջական բուժհետազոտություն անցնել, որպեսզի գիտնականները համոզվեն, որ նրանք առողջական լավ վիճակում են:
Հաղորդագրության մեջ հատկապես նշվում է, որ պատվաստանյութը փորձարկման մասնակիցներին չի վարակի էբոլայի հարուցիչով: Ավելին, մասնակցության դիմաց նրանք 750 ֆունտ կստանան:
«Որեւէ մեկը հետաքրքրվա՞ծ է նրանով, որ բժիշկ հետազոտողներին օգնի Էբոլայի հարուցիչի դեմ պատվաստանյութ ստեղծել եւ դրա դիմաց փող ստանա: Դուք 18-ից 65 տարեկան եք եւ ամուր առողջությո՞ւն ունեք: Եթե պատասխանը «այո» է , ուրեմն դուք հարմար եք Էբոլայի հարուցիչի դեմ պատվաստանյութի փորձարկման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս բժիշկների տրամադրության տակ չկա որեւէ դեղամիջոց այդ վտանգավոր տենդի դեմ, որը 2013-ի դեկտեմբերին այդ հիվանդության պատմության ամենախոշոր բռնկումից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում արդեն ավելի քան 11 000 մարդ է սպանել: Սեպտեմբերին Օքսֆորդի համալսարանի գիտնականները համանման հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում առողջ մարդկանց Էբոլայի հարուցիչի մեկական սպիտակուց են ներարկել նրանց մարմնում իմունային ռեակցիա առաջ բերելու համար:






