Ոչ ոք չգիտե, թե իրականում ինչ է տեղի ունեցել գեղեցկության սրահում եւ ինչն է պատճառ դարձել  24-ամյա Չչելսի Էյքի մահվան համար: Մասնագետներին նրա մահը տաօրինակ է թվում եւ բազմաթիվ հարցեր է առաջ բերում:   NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միլանի համալսարանի պրոֆեսոր եւ Պլաստիկ վիրաբույժների եվրոպական ընկերակցության նախագահ Ռուբեն Օդենինոն:

Բժիշկ Օդենինոն թերթերում կարդացել է այն մասին, որ մահվան օրը աղջիկը մենակ էր կենտրոնում եւ որոշել էր իր վրա փորձել սառցաթերապիայի սարքը:  Սակայն հայտնի չէ, թե հենց ինչն է դարձել նրա մահվան պատճառը: Գուցե տաածքում օդը չի հերիքել, նա կորցրել է գիտակցությունն ու ընկել սարքի ներսում, ենթադրել է մասնագետը:

Մյուս կողմից, պրոֆեսորի խոսքով, այդ սարքերում դուռը սովորաբար ավտոմատ կերպով է բացվում, հերիք է միայն մի թեթեւ հրել, դրա համար էլ որեւէ խնդրի առաջացման դեպքում հիվանդը կարող է հեծտորեն դուրս գալ սարքից: Ավելին, ինչպես նշել է մասնագետը, 3 րոպեից սարքը սովորաբար կանգ է առնում, իսկ ազոտը սենյակից անհետանում է 20 րոպեում: Ինքը՝ բժիշկ Օդենինոն իր պրակտիկայում սառցաթերապիա է օգտագործում եւ պնդում է, որ այն անվտանգ էմ եթե իհարկե հիվանդը հակացուցումներ չունի, օրինակ՝ սրտի հիվանդություն:  Բացի այդ, նման թերապիայի ստանդարտ  2 րոպե է, եւ այդ ընթացքում ցուրտը չի կարող հիվանդի առողջությանը վնաս հասցնել ու միայն թերապեւտիկ ազդեցություն ունի: Մասնագետի խոսքով, սառցաբուժությունն  արդեն  20 տարի է, ինչ օգտագործվում է, եւ այդ ընթացքում ոչ մի անգամ դրա հետ կապված խնդիր չի առաջացել: 

Մյուս կողմից, ցանկացած թերապիա եւ ցանկացած սարքավորում կարող է վտանգավոր լինել, եթե մարդը ինքնուրույն կիրառի դա, առանց պրոֆեսիոնալների հսկողության, որոնք կղեկավարեն այդ պրոցեսը եւ անհրաժեշտության դեպքում կկարողանան օգնություն ցուցաբերել:  Ամեն դեպքում սառցաբուժության պրոցեդուրաների ընթացքում բժիշկը միշտ կանգնում է կողքին, խցիկում տեսնում է հիվանդին, նույնիսկ խոսում է հետը: Երեւում է, եթե Չելսիի դեպքում ինչ-որ բան սխալ է գնացել, նա մենակ է եղել կենտրոնում եւ ոչ ոք չի կարողացել օգնել նրան: 

Հիշեցնենք, որ Նեւադա նահանգում Rejuvenice գեղեցկության կենտրոնի մենեջեր Չելսի Էյքին սառցախցիկում մեռած են գտել: Նախնական տվյալների համաձայն, աղջիկը պատահաբար իր վրա փակել է երիտասարդացնող խցիկի դուռը, որի ջերմաստիճանն ընկել է մինչեւ մինուս  150 աստիճան: Այդ խցիկում աղջիկն առնվազն 10 ժամ է անցկացրել եւ մահացու սառցահարվել է, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը չի պարզվել: