Ավելի քան 5 ամիս է անցել այն բանից հետո, երբ հայկական մանկապարտեզներից մեկի ավելի քան 40 երեխա աղիքային վարակմամբ հայտնվեց հիվանդանոցում: Այդ վարակի պատճառը մինչեւ այժմ չի պարզվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, մանկապարտեզների աշխատակիցները պարտավոր են սառնարանում երկու օր շարունակ պահել մի քիչ այն ուտելիքից, որը երեխաները կերել են. եթե ինչ-որ բան պատահի, այդ սնունդը պիտի ուղարկվի փորձաքննության: Մայիսյան թունավորման դեպքում արդյոք նման բան արվել է, հայտնի չէ, որովհետեւ պատասխանատու տեսչություններից մեկը նրա հարցին պատասխանել է , որ «անհրաժեշտ փորձաքննություններն արված են», իսկ մյուսը պատասխանել է, թե «այդ օրը ուրբաթ էր, իսկ սնունդը պետք է 2 օր պահվի, ոչ թե 3», երեւում է`նկատի ունենալով, որ ուրբաթ օրվանից հետո հանգստյան օրեր են եղել եւ մթերքների ստուգմամբ այդպես էլ չեն զբաղվել, որովհետեւ պահպանման երկու օրն արդեն անցել էր:
Արմեն Պողոսյանին եւս շփոթեցնում է այն փաստը, որ թունավորման դեպքերն անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել ոչ հասարակության կողմից, ոչ էլ «ութ ու կես հասարակական կազմակերպությունների, որոնք զբաղվում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ», ինչպես նաեւ այլ կազմակերպությունների:






