Կրծքի մեծացումն ամբողջ աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատություններից մեկն է: Ի՞նչ բարդություններ կարող են լինել այդ վիրահատությունից հետո: Որքա՞ն հաճախ են պատահում նման բարդությունները: Այս մասին NEWS.am Medicine թղթակցին պատմել է Ուկրաինայի ազգային բժշկական համալսարանի պրոֆեսոր պլաստիկ վիրաբույժ Վասիլի Խրապաչը:

Իմպլանտների օգնությամբ կուրծքը մեծացնելուց հետո հնարավոր բարդությունները կարելի է երկու խմբի բաժանել՝ ընդհանուր վիրահատական եւ սպեցիֆիկ:

 Ընդհանուր վիրահատական բարդությունները նրանք են, որոնք կարող են պատահել ցանկացած վիրահատությունից հետո: Օրինակ թարախային, վարակիչ բարդությունները, զգայականության խանգարումները, հեմատոմաներն ու սպիները:

Իսկ սպեցիֆիկ բարդությունները ներառում են ֆիբրոզ կապսուլյար կոնտրակտուրան ( օտարածին մարմնի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական արձագանքը, երբ այդ օտար մարմնի շուրջ սպիանման հյուսվածք է առաջանում), պրոթեզի կտրվածքը, իմպլանտատի դիստոպիան եւ այլն: Սակայն այդ բոլոր բարդությունները շատ հազվադեպ են հանդիպում:

Ինչպես նշեց բժիշկ Խրապաչը, նոր տեխնոլոգիաների, նոր իմպլանտների ու մասնագետների փորձի շնորհիվ վերջին տարիներին պլաստիկ վիրաբուժության մեջ հաջողվել է քառակի կրճատել բարդությունների քանակը: Այսօր այս կամ այն բարդությունն առաջանում է դեպքերի միայն 3-5 տոկոսում, ընդ որում հաճախ բարդություն են համարում նույնիսկ սպին, եթե այն ակնկալվածից ավելի մեծ է, կամ վիրահատության արդյունքից հիվանդի դժգոհությունը:

Շատ կանայք, մասնագետի խոսքով, չափից մեծ ակնկալիքներ ունեն կրծքի մեծացման վիրահատություններից, իսկ  արդյունքը ոչ միշտ է այն, ինչ նրանք էին պատկերացնում: Ընդ որում, երբեմն արդյունքը կարող է նրանց պարզապես դուր չգալ, չնայած օբյեկտիվ տեսակետից՝ վիրահատությունը լավ է անցել ու կրծքի հետ ամեն ինչ նորմալ է:

Վասիլի Խրապաչը ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի պլաստիկ վիրաբույժների 5-րդ միջազգային համագումարին: Իր ելույթի ժամանակ նա մտադիր է պատմել  կրծքի պլաստիկ վիրահատություններից հետո հնարավոր բարդությունների մասին, նաեւ այն մասին, թե ինչ է պետք անել այդ բարդությունների դեպքում: