Հայաստանում քչերն են լսել կրիոթերապիայի մասին, սակայն աշխարհում այդ բուժակարգն արդեն շուրջ 20 տարի է մեծ հաջողությամբ կիրառվում է: Ի՞նչ է կրիոթերապիան եւ ո՞վ ունի նման թերապիայի կարիք: Այս մասին NEWS.am Medicine -ի թղթակցին պատմել է պլաստիկ վիրաբույժ, Միլանի համալսարանի պրոֆեսոր ու Պլաստիկ վիրաբուժության եվրոպական ասոցացիայի նախագահ Ռուբեն Օդենինոն:

Կրիոթերապիա բառը կարելի է թարգմանել որպես «բուժում ցրտի միջոցով»: Դա ֆիզիոթերապեւտիկ բուժակարգ է, որի գործողության հիմքում օրգանիզմի պատասխան արձագանքն է մաշկի արտաքին շերտի գերսառեցմանը: Ամբողջ մարմնի կրիոթերապիայի ժամանակ, ինչպես բացատրեց մասնագետը, մարդը հատուկ սարքի մեջ է մտնում, որը կարող է ապահովել մինուս 150 աստիճան ըստ Ցելսիուսի: Այդ սարքում մարդը մոտավորապես 2 րոպե է անցկացնում, այդ ժամանակը բավական չէ, որպեսզի օրգանիզմը սառչի կամ էլ սառցակալի, բայց դրա փոխարեն այդ ընթացքում ցուրտը բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:

Այդ սարքում անցկացրած երկու րոպեի ընթացքում օրգանիզմը կարող է այրել մինչեւ 900 կկալ: Ավելին, կրիոթերապիան հաճախ է կիրառվում սպորտային բժշկության մեջ, քանի որ այն մասնագետի խոսքով, օգնում է հաղթահարել մկանների, հանգույցների բորբոքային հիվանդությունները եւ այլն:

Ինչպես նշեց բժիշկ Օդենինոն, գիտական գրականության մեջ կրիոթերապիայի թեմայով արդեն շատ աշխատություններ կան ու այդ տեխնոլոգիան բավականին անվտանգ է, եթե իհարկե հիվանդը նման բուժման նկատմամբ հակացուցումներ չունի: Հակացուցում կարող է լինել օրինակ սրտի հիվանդությունը:

Բուժակարգի ժամանակ մասնագետը հետեւում է հիվանդին, նույնիսկ խոսում նրա հետ ու հարկ եղած դեպքում՝ կարող է օգնել նրան: Ավելին, հիվանդն ինքը կարող է հեշտությամբ բացել դուռը ու դուրս գալ խցից, եթե զգում է, որ ինչ- որ բան այն չէ: Սակայն բժիշկ Օդենինոն չի հիշում մի դեպք, երբ կրիոթերապիայի ժամանակ որեւէ խնդիր առաջանար: Միակ նման դեպքը 24 -ամյա Չելսի Էյքի առեղծվածային մահն էր, որը մենակ մնալով գեղեցկության սրահում, ինքն իրեն փակել էր կրիոխցում: Բայց թե հատկապես ինչն էր դարձել աղջկա մահվան պատճառը՝ դեռ անհայտ է: