2015-ի հոկտեմբերի 19-25-ին Հայաստանում սուր շնչառական վարակների 2354 դեպք է արձանագրվել, սակայն գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել․ հիվանդության պատճառ են դարձել այլ հարուցիչներ կամ մրսածությունը։ Այս մասին լրագրողներին պատմել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
Նրա խոսքով, այս պահին երկրում համաճարակային իրավիճակը հանգիստ է։ Ամռանը Հայաստանում աղիքային հիվանդությունների բազմաթիվ դեպքեր էին արձանագրվել, բայց այժմ ամեն ինչ հանգիստ է․ ինչպես աղիքային հիվանդություններով, այնպես էլ սուր շնչառական վարակներով հիվանդացումը նորմայի սահմաններում է։ Այժմ երկրում սուր շնչառական վարակների ամենշաբաթյա մոնիտորինգ է անցկացվում, բայց տվյալներն առայժմ չեն տարբերվում անցյալ տարվաններից։ Եթե արձանագրված դեպքերի թիվը գերազանցում է համաճարակային շեմը, մասնագետներն անցնում են ամենօրյա մոնիտորինգի, սակայն առայժմ իրավիճակը դեռ հեռու է համաճարակաբանական շեմից։
Լիլիթ Ավետիսյանը նաեւ նշել է, որ ամռանը աղիքային վարակներ են պատահում շոգի եւ հատկապես ամառային սննդի պատճառով, իսկ ձմռանը սեզոնային հիվանդություններ են համարվում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր շնչառական վարակներն ու գրիպը։ Փակ, չօդափոխվող տարածքներում գտնվելը սոսկ ավելի է նպաստում հիվանդությունների տարածմանը։






