Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից մշակվել է հիվանդի բավարարվածության վերաբերյալ հարցաթերթիկ: Այս մասին, «Պացիենտի» համաշխարհային օրվա առթիվ (նշվում է փետրվարի 11-ին), նշվում է ԱՆ մամուլի հաղորդագրությունում:

«Պացիենտ» -ը լատիներեն բառ է եւ ունի «համբերություն», «համբերատար» իմաստը: Այն արտահայտում է եւ հիվանդի, եւ բժշկի համատեղ համբերատար պայքարը հիվանդության եւ ցավի դեմ: Համատեղ, քանի որ հիվանդի ձեռքերում է նաեւ բժշկի երկարատեւ, հոգեկան կորով եւ մտքի լարում պահանջող աշխատանքի բարեհաջող արդյունքը:

Այս տարի եւս ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել հիվանդ-բժիշկ հարաբերություններին, նրանց հետեւողական իրազեկելով իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Այդ կապակցությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստացող հիվանդների համար ներդրվել է իրազեկման թերթիկ, մշակվում են պացիենտների իրավունքների վերաբերյալ կրթական նյութեր` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների շարունակական կրթական ծրագրերում ներդնելու, ինչպես նաեւ բուժաշխատողների եւ պացիենտների իրավունքներով զբաղվող հասարարական կազմակերպություններին կրթելու եւ իրազեկելու նպատակով, բացի գործող օրենսդրությամբ սահմանված բժշկական էթիկային վերաբերող պահանջներից, նախատեսվում է նաեւ բժշկական էթիկայի կոդեքսի ներդրում:

Հիվանդանոցային բժշկական օգնություն ստացած եւ դուրս գրված պացիենտներն անանուն կարող են ներկայացնել իրենց դժգոհությունը կամ բավարարվածությունը տվյալ բժշկական կազմակերպությունից: