Ինչպե՞ս կարելի է ձմռանը պաշտպանվել գրիպից ու սուր շնչառական վարակիչ հիվանդություններից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին մի քանի խորհուրդ է տվել Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման հայկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով, ինֆեկցիոն հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է հասկանալ դրա տարածման ուղիները: Սուր շնչառական վարակիչ հիվանդությունները ու գրիպը տարածվում են օդակաթիլային ճանապարհով, ու դրանց տարածմանը նպաստում են փակ, չօդափոխվող տարածքները: Եթե մարդը հիվանդ է, փռշտում է ու հազում, հիվանդության հարուցիչները հայտնվում են օդի մեջ, որից հետո դրանք շնչում են առողջ մարդիկ ու վարակվում:

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել այդ հիվանդությունների կանխարգելման համար

1. Փռշտալու ու հազալու հիգիենա

Հիվանդ մարդը պետք է հստակ հետեւի փռշտալու ու հազալու հիգիենային, որպեսզի մյուսներին չվարակի: Հազալու ու փռշտալու ժամանակ խորհուրդ չի տրվում բերանը ձեռքի ափով փակել, քանի որ մենք այդ նույն ձեռքով հետո դիպչում ենք տարբեր իրերի ու կարող ենք հարուցիչները փոխանցել դրանց . առողջ մարդն էլ, դիպչելով այդ իրերին, իսկ հետո էլ՝ օրինակ իր քթին, կարող է վարակվել:

Հազալու ժամանակ ցանկալի է բերանը կամ անձեռոցիկով փակել, որը հետո պետք է շպրտել, կամ էլ դաստակի մասով:

2. Ձեռքերը լվանալը

Ձեռքերը լվանալը կարող է պաշտպանել շատ ինֆեկցիաներից ու հիվանդություններից, դրա համար էլ պետք չէ թերագնահատել դրա կարեւորությունը: Լիլիթ Ավետիսյանի խոսքով, մեր ձեռքերի վրա կարելի է գտնել բոլոր հարուցիչների 60-80 տոկոսը, իսկ եղունգների տակ դրանց քանակն ավելի շատ է, դրա համար էլ պետք է կանոնավոր կերպով օճառով լվանալ ձեռքերը ու ձգտել ձեռքերով չդիպչել քթին, դեմքին, շրթերին ու աչքերին: Նաեւ խորհուրդ ենք տալիս հաճախ օդափոխել տարածքը՝ դա նույնպես կօգնի խուսափել վարակից:

3. Սնունդ ու հագուստ

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս ճիշտ սնվել ու հագնվել ըստ եղանակի: Մրսածությունը ինքնին կարող է թե առանձին հիվանդության պատճառ դառնալ՝ թե նպաստող գործոն լինել օրգանիզմում վիրուսների ու մանրէների բազմացման համար:

4. Մեկանգամյա գործածման դիմակներ

Ցանկալի է, որ հիվանդ մարդիկ  միանգամյա գործածման բժշկական դիմակներ հագնեն: Եթե նրանք այս կամ այն պատճառով դա չեն անում, այն մարդը, ով ուզում է պաշտպանվել վարակից, պետք է ինքը նման դիմակ հագնի: Հայաստանում նման սովորություն, ավաղ, դեռ չկա, օրինակ ասիական երկրներում շատերն են նման դիմակներ հագնում՝ այնտեղ դա արդեն մշակույթի մի մասն է դարձել:

5. Աշխատանք ու ուսում

Ցանկալի է, որ հիվանդ մարդը դուրս չգա տանից ու չգնա աշխատանքի, համալսարան, դպրոց կամ էլ մանկապարտեզ: Տանից դուրս գալով՝ նա վարակի աղբյուր է դառնում մյուսների համար: Մանկապարտեզ հաճախող երեխաների մայրերը, ինչպես նաեւ այդ հաստատությունների աշխատակիցները պետք է հետեւեն, որ հիվանդ երեխաները չհաճախեն մանկապարտեզ ու այնտեղ առողջներին չվարակեն: