Երկրի բնակչության երկու երրորդը հերպեսի հարուցիչով է վարակված, տեղեկացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները։ 

Նրանց խոսքով, հերպեսի հարուցիչի 1-ին տեսակով (HSV-1) վարակված է մինչեւ  50 տարեկան ավելի քան 3.7 միլիարդ մարդ, ընդ որում մեծամասնությունը մանուկ հասակում է վարակվել։ Ավելին, 17-49  տարեկան մոտ   417 միլիոն մարդ վարակված է հերպեսի երկրորդ տեսակի հարուցիչով՝ սեռական օրգանների հերպեսով։ 

Հերպեսի հարուցիչի առաջին տեսակը սովորաբար դրսեւորվում է շուրթերին եւ դրանց շուրջը  ցանով, բայց ավելի ու ավելի հաճախ սեռական օրգանների վարակման է հանգեցնում, հատկապես՝ զարգացած երկրներում։ Հարցն այն է, որ երկրներում, որտեղ սովորաբար հիգիենայի հետ կապված խնդիրներ չկան, փոքր տարիքում առաջին տեսակի հերպեսով վարակվում են ավելի հազվադեպ, սակայն սեռականորեն ակտիվ երիտասարդները  վարակվում են օրալ սեքսի ընթացքում։  

ԱՀԿ մասնագետների խոսքով, հերպեսի երկրորդ տեսակի հարուցիչով վարակումը բարձրացնում է  ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը, սակայն առաջին տեսակի հարուցիչի եւ ՄԻԱՎ-ի միջեւ կապի մասին առայժմ քիչ բան է հայտնի։ 

«Մենք իրոք պիտի արագացնենք հերպեսի հարուցիչից պաշտպանող պատվաստանյութի մշակումը եւ եթե կարողանանք այնպիսի պատվաստանյութ ստեղծել, որը կարողանա կանխել հերպեսի եւ երկրորդ տեսակի, եւ առաջին տեսակի հարուցիչով վարակումը, ուղղակի հրաշալի կլինի», - պնդում է ԱՀԿ-ի մասնագետ Սեմի Գոթլիբը։