Այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 74 000 շաքարախտով  հիվանդ մարդ կա եւ ամեն տարի  6000-7000 նոր դեպք է արձանագրվում։ Հաջորդ տարվա սկզբին Հայաստանում շաքարախտով մոտ 80 000 հիվանդ կլինի։ Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը։

Նրա խոսքով, անցյալում շաքարախտի նոր դեպքերն անհամեմատ ավելի քիչ էին՝  տարեկան  2000-3000, սակայն այժմ շաքարախտով մահացությունը հետեւողականորեն աճում է ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում այժմ շաքարախտով հիվանդ մոտ  400 միլիոն մարդ կա։

Էնդոկրինոլոգի խոսքով, հիվանդության տարածվածությունը լուրջ հարցեր է դնում երկրի առողջապահության համակարգի եւ կառավարության առաջ, որովհետեւ շաքարախտը ոչ միայն բժշկական, այլեւ սոցիալական խնդիր է, որը պահանջում է ոչ միայն կենսականորեն անհրաժեշտ դեղերով ապահովում, այլեւ շատ այլ քայլեր։ 

Ինչպես նշել է բժիշկ Թորոմանյանը, արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում ինսուլինի հետ կապված խնդիր չկա։ Այժմ արդեն նախարարությունը երկրորդ տեսակի  շաքարախտով հիվանդների համար ֆրանսիական արտադրության դիաբետոն է գնում, հնարավոր է եղել արտադրողի հետ պայմանավորվել այդ դեղամիջոցի՝ Հայաստանի համար մատչելի գնի վերաբերյալ։  

Արվել են նաեւ այլ քայլեր շաքարախտով հիվանդների կյանքի որակը բարելավելու ուղղությամբ․ մասնավորապես, գլխավոր էնդոկրինոլոգը մի մեծ քայլ առաջ է համարում «Վերահսկիր շաքարախտը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը։ Ինսուլինային անալոգները, որոնք երեխաներն ու երիտասարդները կստանան ծրագրի շրջանակում, նրանց կօգնեն ավելի ճկուն կենսակերպ որդեգրել եւ նրանց կպաշտպանի շաքարախտի պատճառով բարդացումներից։ Այժմ առողջապահության հիմնական խնդիրն է՝ ինսուլինային նորագույն անալոգներով ապահովել 23 տարեկանից մեծերին։