Ինսուլինային նոր գրիչ-ներարկիչները, որոնք մոտ ապագայում հասանելի կլինեն նաեւ Հայաստանում ապրող շաքարախտով հիվանդ երիտասարդների ու երեխաների համար, զգալիորեն կհեշտացնեն թե երեխաների, թե նրանց ծնողների կյանքը: Նման տեսակետ է արտահայտել «Միասին հաղթահարենք շաքարախտը» հասարակական կազմակերպության ղեկավար Խանդութ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, շաքարախտը ոչ միայն հիվանդություն է, այլեւ հիվանդի ամենօրյա կյանքի մի մասը՝ առաջին տեսակի շաքարախտով երեխան ստիպված է օրական մի քանի անգամ ինսուլին ներարկել, ինչպես նաեւ հատուկ սարքի՝ շարժական գլյուկոմետրի օգնությամբ չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Սովորական ներարկիչի օգնությամբ ներարկումներ անելը բավականին դժվար է, հատկապես երեխաների դեպքում: Դա պետք է տանը անել, իսկ ներարկումից հետո, պետք է որոշ ժամանակ սպասել, որպեսզի ինսուլինը սկսի ներգործել, իսկ հետո՝ որեւէ բան ուտել: Ինսուլինային գրիչ ներարկիչները լուծում են այդ խնդիրներից շատերը: Դրանցով ներարկումները կարելի է անել բոլոր տեղերում՝ դրա համար պետք է միայն գրիչը, այլ ոչ թե ինսուլինով սրվակն ու ներակիչը: Ծայրահեղ դեպքում ներարկումը կարելի է անել նաեւ հագուստի միջով, բայց մասնագետներն իհարկե խորհուրդ են տալիս միայն ծայրահեղ դեպքում դիմել նման մեթոդի: Ավելին՝ գրիչ ներարկիչով ներարկումը կարելի է անել թե ուտելուց անմիջապես առաջ, թե դրանից հետո, ինչը նույնպես շատ հարմար է:
Գրիչ ներարկիչների կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանցով կարելի է ներարկել ինսուլինի նույնիսկ շատ փոքր չափաբաժին՝ ընդամենը 0.5 միավոր, մինչդեռ սովորական ներակիչով 1 միավորից ավելի քիչ հնարավոր չէ հավաքել: Փոքր չափաբաժիններ օգտագործելու հնարավորությունը շատ կարեւոր է եւ առաջին հերթին փոքրիկ երեխաների համար: Բացի դրանից, այն թույլ է տալիս խուսափել ինսուլինի կորուստից:
Ինչպես նշել է Խանդութ Հովհաննիսյանը, այդ գրիչ ներարկիչների շնորհիվ շաքարախտով հիվանդ երեխաների համար ավելի հեշտ կլինի սովորել, սպորտով զբաղվել, խաղալ ու անել այն ամենն, ինչ ուզում են: Իսկ նրանց ծնողներին ավելի հեշտ կլինի վերահսկել հիվանդությունը ու դրա բարդությունները:






