Նոյեմբերի 2-3-ը Երեւանում գիտաժողով է տեղի ունենում, որը նվիրված է երեխաների ատամների առողջությանը։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Սթենդֆորդի Համալսարանի Բժշկական դպրոցի եւ Կալիֆորնիա-Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Ատամնաբուժության դպրոցի դասախոս ատամնաբույժ Ջեք Կոյումջյանը, այդ գիտաժողովը երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանմանը նվիրված ավելի մասշտաբային նախագծի մի մասն է, որն իրականացվում է Ծոցի շրջանի Հայաստանի բարեկամներ (BAFA) ընկերության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։
Սեմինարի շրջանակում բժիշկ Ջեք Կոյումջյանը եւ Քալիֆորնիա-Լոս Անջելեսի համալսարանի Մանկական ատամնաբուժության ֆակուլտետի դասախոս եւ Մանկական ատամնաբուժության պրոֆիլակտիկայի ծրագրի տնօրեն Ֆրանցիսկո Ռամոս-Գոմեսը կխոսեն այն մասին, թե ինչ կարեւոր է հոգ տանել բերանի խոռոչի առողջությանը սկսած նույնիսկ ոչ թե երեխայի ծննդյան պահից, այլ հղիությունից, չէ՞ որ մոր ատամների եւ լնդերի վարակիչ հիվանդությունները կարող են ազդել նաեւ պտղի առողջության վրա։ Բժիշկ Ռամոս-Գոմեսը նաեւ կպատմի, թե ինչ կարեւորություն ունեն կաթնատամները, ինչու չի կարելի դրանք հեռացնել առանց լուրջ անհրաժեշտության եւ ինչու է նրանցում կարիես սկսվում։
Գիտաժողովի ընթացքում կանդրադառնան նաեւ այնպիսի թեմաների, ինչպիսիք են կարիեսի եւ երեխաների ատամնախոռոչի այլ հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վաղ բուժման գործում միջդիսցիպլինար համագործակցության կարեւորությունը։
Գիտաժողովը, որը բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար, տեղի է ունենում Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության դպրոցում։






