Ավելի շատ կանխարգելում, ավելի քիչ բուժում. ահա թե ինչպիսի տեսք պիտի ունենա Հայաստանում երեխաների ատամնախոռոչի հիվանդությունների պրոֆիլակտիկայի կոնցեպտը։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ատամնաբույժ Ջեք Կոյումջյանը Սթենդֆորդի համալսարանի Բժշկական եւ Քալիֆորնիա-Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Ատամնաբուժության դպրոցներից։ Հենց այդ մոտեցումն է ընկած երեխաների բերանի խոռոչում առողջության պահպանման նախագծի հիմքում, որն իրականացվում է Ծոցի տարածքի Հայաստանի բարեկամներ  (BAFA) ընկերակցության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։

Այս նախագիծը, ինչպես նշել է մասնագետը, սկսվել է 2 տարի առաջ՝ մասնագետների խմբի՝ Մելիք գյուղ այցելությունից հետո, որտեղ երեխաների մեծամասնությունը կարիես ուներ։  Ավելին, շատերին բժշկի էին տանում այն ժամանակ միայն, երբ խնդիրն արդեն բավականին խորացել էր։ Մասնագետները հասկացել են, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել։ Որպեսզի ատամների հետ կապված այդքան խնդիր չլինի, մասնագետի կարծիքով անհրաժեշտ է փոխել մոտեցումը այդ խնդիրների պրոֆիլակտիկայի նկատմամբ, որովհետեւ սոսկ գրագետ կանխարգելումը կարող է օգնել խուսափել դրանցից։

Ի՞նչ է անհրաժեշտ այդ հիվանդությունների կանխարգելման համար

Նախ եւ առաջ տեղեկություններ եւ գիտելիքներ են անհրաժեշտ։ Ոչ միայն բուժաշխատողները, այլեւ երեխաների ուսուցիչները պիտի իմանան, թե ինչ կենսակերպ է անհրաժեշտ ունենալ եւ որքան հաճախակի այցելել բժշկին, նույնիսկ եթե ոչ մի տեսանելի խնդիր չկա։  Առողջապահության եւ Կրթության նախարարությունները պիտի օգնեն բերանի խոռոչի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածել։  

Հետո անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ հոգ տանել ատամներին, որպեսզի դա ամբողջ կյանքում սովորություն դառնա։

Բժիշկ Կոյումջյանը նաեւ նշել է, որ կարիեսի եւ ատամների հետ կապված այլ խնդիրների բուժումը սովորաբար շատ թանկ է արժենում, ավելին՝ արդեն առաջացած դեպքերում ստիպված են լինում հեռացնել երեխաների կաթնատամները, իսկ դա կարող է ապագայում վատ անդրադառնալ ատամների բուժման վրա։ Մյուս կողմից,վաղ փուլում այդ հիվանդությունների պրոֆիլակտիկան կամ բուժումն անհամեմատ ավելի հեշտ է եւ ավելի քիչ ռեսուրս է պահանջում։ Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է Հայաստանում կանխարգելման համակարգ զարգացնելը։

Իր հերթին բժիշկ Ֆրանցիսկո Ռամոս-Գոմեսը, որը Քալիֆորնիա-Լոս Անջելեսի համալսարանի Մանկական ատամնաբուժության դպրոցի դասախոս է եւ Մանկական ատամնաբուժության կանխարգելման ծրագրի տնօրենը, նշել է, որ ատամնաբուժական նվազագույն ռեսուրսներով եւ նվազագույն մակարդակով ցանկության դեպքում հնարավոր է հրաշալի արդյունքի հասնել եւ կանխարգելել ստոմատոլոգիական լուրջ խնդիրների  առաջացումը երեխաների մոտ, չէ՞ որ այդ խնդիրները 100 տոկոսով կանխարգելելի են։