6-7 տարեկանների շատ երեխաների ատամներն ախտահարվում են կարիեսով, ինչի հետեւանքով մասնագետները հաճախ ստիպված են լինում հեռացնել նրանց ատամները, ինչը հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ նրանց բերանի խոռոչի առողջության վրա։ Ինչպե՞ս կարելի է պահպանել երեխայի ատամների առողջությունը ու կանխել կարիեսի զարգացումը։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին մի քանի խորհուրդ է տվել ատամնաբույժ Ջեք Կոյումջյանը ՝ Stanford University Medical School и University of California San Francisco School of Dentistry-ից։

1. Ծնողների գիտելիքները

Որպեսզի երեխան առողջ ատամներ ունենա, ծայրաստիճան կարեւոր է, որ նրա ծնողները գիտելիքներ ունենան նրա բեռանի խոռոչի ճիշտ խնամքի մասին։ Հենց ծնողները պետք է երեխաներին սովորեցնեն ճիշտ մաքրել ատամները ու ճիշտ սնվել, որպեսզի նրանց մոտ համապատասխան սովորություն ձեւավորվի, որը կուղեկցի նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Օրինակ երեխան պետք է իմանա, որ քնելուց առաջ պետք է պարտադիր մաքրել ատամները, բայց քնելուց առաջ օրինակ նարնջի հյութ խմել բոլորովին խորհուրդ չի տրվում, քանի որ այդ հյութը չափից շատ շաքար է պարունակում, որը կմնա ատամների վրա ու ամբողջ գիշեր կքայքայի դրանք։

2. Կանխարգելիչ զննումներ

Նաեւ շատ կարեւոր է, որ երեխային ժամանակ առ ժամանակ տանեն մասնագետի մոտ՝ կանխարգելիչ զննումների համար . չարժե սպասել, մինչեւ երեխայի ատամները փչանան ու նա սկսի ցավից բղավել։

3. Հղիություն

Որպեսզի երեխան առողջ ատամներ ունենա, շատ կարեւոր է, որ նրա մայրը նույնպես առողջ ատամներ ունենա, չէ՞ որ հղի կնոջ բերանի խոռոչի վարակիչ հիվանդությունները կարող են ազդել պտղի վիճակի վրա։ Հղի կանանց խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ստուգել ատամների ու լնդերի վիճակը, նույնիսկ եթե ակնհայտ խնդիրներ չկան։