Եթե կնոջ ատամները հղիության ընթացքում առողջ են, երեխան եւս առողջ ատամներ կունենա: Եվ հակառակը՝ մոր բերանի խոռոչի ցանկացած խնդիր եւ վարակային հիվանդություն փոխանցվում է երեխային եւ նրա ատամներն ավելի խոցելի է դարձնում կարիեսի եւ վարակի հանդեպ:
Այն մասին, թե հղի կինն ինչպես պիտի հոգ տանի իր ատամներին, NEWS.am Medicine-ին պատմել է Կալիֆորնիա-Լոս Անջելեսի համալսարանի Մանկական ատամնաբուժության դասախոս եւ Մանկական պրոֆիլակտիկ ատամնաբուժության ծրագրի տնօրեն Ֆրանցիսկո Ռամոս-Գոմեսը:
1. Բերանի խոռոչի հիգիենան
Նախ եւ առաջ անհրաժեշտ է հետեւել բերանի խոռոչի հիգիենային եւ ամեն օր մաքրել ատամները, իսկ ավելի լավ է՝ օրը երկու անգամ: Լավ միտք է ողողման համար օգտագործել հատուկ հեղուկներ, որոնք նվազեցնում են բերանում մանրէների քանակը. չէ՞ որ ատամների հետ կապված շատ խնդիրների պատճառը հենց մանրէներն են:
2. Լնդերի վիճակը
Հղիության ընթացքում կնոջ հորմոնալ ֆոնը փոխվում է, ինչի հետեւանքով լնդերը սկսում են հաճախ արյունահոսել: Չնայած դրան, անհրաժեշտ է ամեն գիշեր խնամքով մաքրել եւ մերսել ատամները առնվազն 2 րոպե շարունակ: Շատ կանայք, ինչպես նշել է մասնագետը, դադարում են ատամները մաքրել, երբ լնդերը սկսում են արյունահոսել, բայց դա ընդամենը խորացնում է վարակը:
3. Ճիշտ սնունդ
Ճիշտ սնվելը եւս կարեւոր է ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ հղիության ընթացքում: Հղի կնոջ սննդակարգը պիտի հարուստ լինի կալցիումով եւ այլ միներալներով ու վիտամիններով:
4. Նորածնի լնդերը
Մոտավորապես չորս ամսական հասակում երեխայի բերանում սկսում են ատամներ աճել, սակայն հենց ծննդյան պահից է անհրաժեշտ հոգ տանել նրա լնդերին: Մասնավորապես, մասնագետը խորհուրդ է տալիս նորածնի լնդերը մաքրել կերակրելուց հետո, որպեսզի դրանց վրա կաթ չմնա, որովհետեւ դա կարող է վնասել լնդերին եւ աճող ատամներին:






