Վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի շատ զույգեր են բախվում անպտղության խնդրին։ Եվ կանանց, եւ տղամարդկանց մոտ անպտղության ամենատարածված պատճառների մասին պատմել է գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։
1. Սեռական վարակներ
Սեռական եղանակով փոխանցվող վարակները կարող են լուրջ վնաս հասցնել մարդու վերարտադրողական առողջությանը։ Դրանք վտանգավոր են նաեւ նրանով, որ հաճախ առանց ախտանիշների են ընթանում եւ մարդը չի էլ կասկածում, որ իր օրգանիզմում իր առողջությանը վնասող եւ սեռական օրգաններում բորբոքային գործընթացներ առաջացնող հարուցիչ կա։
2. Սթրեսը
Սթրեսը ժամանակակից մարդու առողջությանտ սպառնացոող ամենավտանգավոր թշնամիներից է։ Սթրեսը, ինչպես նշել է մասնագետը, ուժեղացնում է բոլոր առկա խնդիրները եւ խփում է ամենաթույլ կետին։ Հաճախ պարզվում է, որ մարդու վերարտադրողական գործառոույթները «ամենաթույլ կետն» են։
3. Իմունիտետը
Ոչ պակաս կարեւոր դեր է խաղում իմունիտետը, օրգանիզմի դիմադրողականությունը։ Որքան ավելի թույլ է օրգանիզմը, այնքան ենթակա է ամեն տեսակ հիվանդությունների, որոնք կարող են հանգեցնել ամենատարբեր հետեւանքների, ներառյալ անպտղությունը։
4. Սնունդը եւ սննդակարգերը
Այսօր, ինչպես նշել է Գեորգի Պողոսյանը, հնարավոր է տեսնել շատ գեղեցիկ, սլացիկ աղջիկների։ Բայց եթե բժիշկը զննի նրանց, առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կհայտնաբերի, որովհետեւ նրանց մեծամասնությունը իր գեղեցիկ մարմնաձեւերը պահպանում է ոչ թե առողջ կենսակերպով եւ ճիշտ սննդով, այլ քիչ ուտելով ու վտանգավոր սննդակարգերով։ Համացանցում այսօր հնարավոր է տեսնել ամենատարբեր սննդակարգեր եւ նիհարելու խորհուրդներ, որոնց մեծամասնությունը վտանգավոր է կնոջ առողջության եւ նրա վերարտադրողական գործառույթի համար։
Ինչպես նշել է մասնագետը, ոչ պակաս վտանգավոր է վատ սնունդը, որը տարբեր քիմիական նյութեր է պարունակում։ Որքան ավելի բնական լինեն մթերքները, այնքան փոքր է հավանականությունը, որ մարդը կբախվի անպտղության հետ։
5. Բնածին արատներ
Երեխաների 1-2 տոկոսը ծնվում է տարբեր բնածին արատներով ու խնդիրներով, որոնք անհնար է կանխատեսել։ Այդ երեխաներից ոմանք ապագայում չեն կարողանա սերունդ տալ, նշել է մասնագետը։






