Տարիքային որ խմբում է առավել տարածված անպտղության խնդիրը։ Այս հարցի շուրջ իր նկատառումներն է հայտնել գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը։
Առաջին հերթին, ինչպես նշեց մասնագետը, պետք է առաջնային անպտղությունը տարբերակել երկորդայինից։ Առաջնային անպտղությունն այն է, երբ կինը երբեք չի հղիացել, իսկ երկրորդայինը ՝ երբ նա անցյալում ունեցել է հղիություն (կարեւոր չէ, թե ինչով է այն ավարտվել ՝ ծննդաբերությամբ, արհեստական ընդհատումով, թե վիժումով ), բայց երկրորդ անգամ նրան չի հաջողվում հղիանալ։
Գեորգի Պողոսյանի խոսքով, անպտղության խնդրով բժշկի դիմողների մեծ մասը 25-40 տարիքային խմբում են։ Ընդ որում, որպես կանոն, առաջնային անպտղության խնդիրը ավելի երիտասարդ կանանց շրջանում է տարածված, իսկ երկրորդային անպտղությամբ հիմնականում ավելի մեծ տարիքի կանայք են տառապում։ Իսկ ընդհանուր առմամբ, անպտղությունից բուժվող կանանց մեծամասնությունը մոտավորապես 35 տարեկան է։
Այդ տարիքից հետո ԱՀԿ–ն խորհուրդ է տալիս չբուժել անպտղությունը, բայց շատ հայ մասնագետներ չեն հետեւում այդ խորհրդին . ինչպես նշեց մասնագետը՝ Հայաստանը փոքր երկիր է, ու յուրաքանչյուր ծնված երեխա մեծ արժեք է ներկայացնում, դրա համար էլ բժիշկները ձգտում են մինչեւ վերջ պայքարել ՝ անկախ մոր տարիքից։
Ինչ վերաբերում է անպտղության բուժման արդյունավետությանը՝ Հայաստանը, գինեկոլոգի կարծիքով, գրեթե չի զիջում մյուս երկրներին։ Մեր երկրում օգտագործվում է այլ երկրներում տարածված տեխնոլոգիաների մեծամասնությունը ՝ օրինակ արտամարմնային բեղմնավորումը։ Ճիշտ է, կան նաեւ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք Հայաստանում առայժմ չեն կիրառվում, քանի որ դրանց ներդրումը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Սակայն բացառված չէ, որ մոտ ապագայում դրանք նույնպես կկիրառվեն։
«Իմ սիրելի խոսքն է՝ «Եթե կինն ունի այն ամենը, ինչ պետք է ունենա, ու եթե նա ունի ամուսին, ուրեմն պետք է հղիանա»։ Սա բնության օրենքն է։ Իսկ եթե նա ինչ -որ խնդիր ունի, ուրեմն պետք է գտնել ու վերացնել այդ խնդիրը, ու այդ դեպքում կինը կհղիանա»,- ասաց մասնագետը։






